Սննդի որակի, բազմազանության եւ մատչելիության վարկանիշային ցուցակում Հայաստանը 57 -րդ տեղում է
«Oxfam International» կազմակերպությունը կազմել է սննդի բազմազանության, որակի եւ մատչելիության համաշխարհային վարկանիշային ցուցակը, որում ընդգրկված է 125 երկիր: Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 57 –րդ տեղը, հարեւան Ադրբեջանը` 91-րդ, Թուրքիան` 77-րդ տեղում է: Ռուսաստանը զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:
Ցուցակը գլխավորում է Նիդեռլանդները, այնուհետեւ հաջորդում են Շվեյցարիան եւ Ֆրանսիան: ԱՄՆ-ն ցուցակում 21-րդն է: Ուշագրավ է, որ լավագույն քսանյակում ընդգրկված երկրները, բացառությամբ Ավստրալիայի, եվրոպական են: Ցուցակի վերջին տեղերում աֆրիկյան երկրներին են` Չադ, Մադագասկար, Անգոլա եւ այլն:
«Նիդեռլանդներին հաջողվել է ստեղծել լավ շուկա: Գները բավականին մատչելի են եւ կայուն, սնունդը բավականին հավասարակշռված» է,-ասել է Oxfam-ի գլխավոր փորձագետ Դեբրա Հարդունը: