Տարոն Մարգարյանը Ռիգա է մեկնել «բիզնես» դասի ավիատոմսով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռիգա` մասնակցելու Լատվիայի մայրաքաղաքի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը: Ըստ «Փաստինոյի»՝ քաղաքապետարանի տարածած այս պաշտոնական լրատվությունը թերևս չկարևորվեր, եթե չլիներ քաղաքապետարանի կայքում ավելի վաղ տեղադրված գնման մրցույթի հրավերը:
Բանն այն է, որ այս այցի մասնակիցների համար ավիատոմսեր գնելու նպատակով քաղաքապետարանը հունվարի 10-ին ավիատոմսերի գնման մրցույթ էր հայտարարել:
Մրցույթի հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվիրակության 5 անդամներից միայն մեկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ճանապարհոդելու «բիզնես» կարգի տոմսով, իսկ մնացած 4 ավիատոմսերը էկոնոմ կարգի են:
Ի դեպ, հայտարարության մեջ՝ որպես պարտադիր պայման է նշվում այն, որ ուղևորությունն անցնի Մոսկվայով, այսինքն` Երևան-Մոսկվա-Ռիգա-Մոսկվա-Երևան երթուղով:
Թե ո՞ր կազմակերպութոյւններն են մասնակցել քաղաքապետարանի հայտարարած մրցույթին և դրանցից ո՞րն է հաղթող ճանաչվել, քաղաքապետարանն առայժմ չի հրապարակում:
Փոխարենը կայքի կատարած փոքրիկ հարցումը ցույց է տվել, որ ՌԴ մայրաքաղաքով ուղևորությունն ավելի թանկ արժե, քան, ասենք, Կիևով: Այսպես. եթե «էկոնոմ» կարգի նման ավիատոմսն արժե շուրջ 234 500 դրամ, ապա Մոսկվայով նույն ավիատոմսի արժեքը 272 000 դրամ է:
Ինչ վերաբերում է «բիզնես» և «էկոնոմ» դասի ավիատոմսերի գների տարբերությանը, ապա նշենք, որ նույն Մոսկվայով անցնող տարբերակի բիզնես կարգի տոմսն արժե 697 000 դրամ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: