Անդրիաս Ղուկասյան. «Քաղաքացիական անհնազանդությունն արդարացված է լինելու»

«Բնականաբար, հանրությանը կոչ ենք անելու միավորվել այս խնդրի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով կոմունալ վարձավճարների, հատկապես գազի սակագնի բարձացման հետևանքով երկրում ձևավորված հասարակական դժգոհության վերաբերյալ:

«Կարծում եմ, որ այս հարցը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք ունենք իրավիճակ, երբ ողջ հասարակությանը պարտադրեցին անօրինական ճանապարհով ձևավորված սակագների վճարում, հետևաբար՝ քաղաքացիական անհնազանդությունն արդարացված է լինելու: Պարզապես, ի տարբերություն, տրանսպորտի սակագնի հետ կապված այն իրադրության հետ, երբ փոքր խմբերը, քաղաքացիական ակտիվիսները, ովքեր նախաձեռնեցին այդ գործընթացը, շատ արագ կարողացան այն դարձնել զանգվածային՝ ելնելով տրանսպորտի ոլորտի օբյեկտիվ կարողությունից՝ մարդկանց հետ անմիջական շփվել հենց կանգառներում և տրանսպորտում, այստեղ ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ»,- ասաց քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ այսօր նախաձեռնությունը բողոքը ներկայացնելու է Վերաքննիչ դատարան: Ու թեև նա վստահություն չունի դատարանի ու դատական համակարգի հանդեպ, այնուամենայնիվ, նշեց, որ այդ քայլն իրենք կատարում են իշխանություններին վիճակը շտկելու հնարավորություն ընձեռելու նպատակով:

«Սա քաղաքական որոշում ընդունելու հնարավորություն է՝ դադարեցնել, կասեցնել կամ հետ կանգնել այն որոշումներից, որոնք բերեցին այսօրվա օր-օրի սրվող սոցիալական վիճակին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ ավելացնելով, որ իրենք մոտակա օրերին հանդես կգան հայտարարությամբ և կփորձեն հանրությանն ուղղություն տալ, թե ինչպես պետք է վարվել այս իրողության մեջ:

Հարցին, թե արդյոք նա խորհուրդ տալի՞ս է քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, թե անհատական չճարելը կբերի անհատական անջատումների, և ցանկացած գործողություն արդյունավետ է, երբ միասնական է և քաղաքականապես հիմնավորված:

 

Տեսանյութեր

Լրահոս