Ռուսաստանյան օդանավակայանները կարգելեն ձեռքի ուղեբեռում ցանկացած հեղուկի առկայությունը
Ռուսաստանյան բոլոր օդանավակայաններին հրահանգվել է ավիացիոն անվտանգությանն ուղղված ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկել: «Ռոսավիացիայի» տվյալներով` մասնավորապես ուղեւորների նախաթռիչքային ստուգման ժամանակ կարգելվի ձեռքի ուղեբեռում ցանկացած հեղուկի առկայությունը, առաջարկվում է դրանք տեղավորել հանձնվող ուղեբեռում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչ վերաբերում է հեղուկ դեղամիջոցներին եւ հիգիենայի պարագաներին, որոնք թռիչքի ժամանակ կարող են անհրաժեշտ լինել ուղեւորին, ապա «դրանք չեն արգելվի`օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իդենտիֆիկացիայից հետո միայն»:
Պատճառն այն է, որ «օդային տրանսպորտում պահպանվում է ինքնաշեն պայթուցիկ նյութերի օգտագործմամբ ահաբեկչությունների իրականացման սպառնալիքը»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանը ձեռքի ուղեբեռում արգելում է ընդհանրապես ցանկացած տեսակի հեղուկի առկայությունը: