Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ դեկտեմբերի 29-ին իրականացվածմահափորձի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել: ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն հրապարակվում»:
ԼՂՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել: ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման Նիսան Պատֆայնդեր մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/: