Տիգրան Սարգսյանը՝ պատգամավորների «լկտի պահվածքի» մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ում մեծամասնության պահվածքը` պատճառաբանելով, որ գործադիր ղեկավարը չպետք է ԱԺ-ում ընդդիմության կամ իշխող մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վերաբերյալ գնահատակն հնչեցնի:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ-ում ՀՀԿ-ականների «լկտի պահվածքին» ու երեկ` Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում երիտհանրապետականների դրսևորած վարքին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Լկտի պահվածքի վերաբերյալ` Ազգային ժողովում գոյություն ունի համապատասխան հանձնաժողով,և եթե այդպիսի դրսևորումներ կան, կարծում եմ, պետք է դրանք դառնան էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա: Այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել թե ԱԺ-ում ինչպիսին է պատգամավորների կեցվածքը:

Դուք ունեք այդ հնարավորությունը՝ հետևելու ԱԺ աշխատանքնին, ձեր գնահատակնները տալու, դրանք հրապարակային են, քաղաքացիներն էլ կարող են հետևել խորհրդարանի աշխատանքներին և իրենց գնահատականները տալ»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք դեկտեմբերի 23-ին «գազային» համաձայնագրերի շուրջ տեղի ունեցած բաց քվեարկությանը, երբ այդպես էլ հստակ չդարձավ` 72, թե 77 հոգի կողմ քվեարկեց, վարչապետը նկատեց. «Թե քանի հոգի են քվեարկել՝ այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որովհետև այդտեղ կային լրագրողներ, ամեն ինչ ձայնագրվում էր, և դա գաղտնի չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս