Բաժիններ՝

2013-ին բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության և անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013 թ-ին բացահայտել է գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության, անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, կայացվել է 415 որոշում, որից 150-ն է վերաբերում է պատասխանատվության միջոց կիրառելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Ի դեպ, այս տարվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նոր օրենսդրությամբ մենք սկսեցինք հետևյալ պրակտիկան կիրառել՝ այն ընկերությունները, որոնք չարաշահումներ են կատարել պետական գումների ոլորտում, նրանց տվյալներն ուղարկում ենք Պետական գնումների աջակցման կենտրոն, որտեղ դրանք ներառվում են սև ցուցակի մեջ, և չարաշահող ընկերությունները որոշ ժամանակով զրկվում են պետական գնումներին մասնակցության իրավունքից»,- ասաց Ա.Շաբոյանը:

Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ն բյուջե միջոցներ գանձելու նպատակ չի հետապնդում, ֆիսկալ կառույց չէ: Ընդհանուր առմամբ՝ ՏՄՊՊՀ որոշումների արդյունքում բռնագանձված տուգանքների չափը կազմել է 150 մլն դրամ:

Ա.Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ աշխատանքների մի զգալի անտեսանելի մաս կա, որ չի երևում, և շատ են լինում դեպքերը, երբ պարզում են, որ տնտեսվարողների հակամրցակցային վարքը պայմանավորված է օրենքի բացերով. «Շատ ժամանակ այն խնդիրները, որ բացահայտում ենք, հետևանք են և ոչ թե պատճառ, և պատճառները գտնվում են այլ մարմինների իրավասության ներքո: Եվ այդ պատճառով մենք մտադիր ենք 2014 թվականին ուժեղացնել համագործակցությունը այլ կառույցների հետ»:

Ա.Շաբոյանը դժվարացավ գնահատական տալ մրցակցության մակարդակի փոփոխությանը. «Դա հնարավոր չէ, որովհետև տարբեր տարիների տարբեր ապրանքային շուկաների խմբեր ենք ուսումնասիրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս