Բաժիններ՝

Հայաստանյան 10 բուհեր ստացան մինչև 600.000 դոլարին համարժեք դրամ

Այսօր Երևանի պետական համալսարանի «Սարգիս և Մարի Իզմիրլյանների» անվան գրադարանի նախասրահում տեղ ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը. այդ բուհերին տրվեց մինչև 600 հազար դոլարին համարժեք դրամ՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նշեց, որ ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ, իսկ նշյալ ծրագիրը հնարավորություն կտա բուհերին կյանքի կոչել իրենց զարգացման համար արդիական և հետաքրքիր նախագծերը:

Նախարարի խոսքով` կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը` հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով  բուհերին փայլուն գաղափարներով և արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը:

Նշենք, որ երկար տարիներ պետությունը միատեսակ էր ֆինանսավորում բուհերին. այսինքն` որքան ուսանող էր ընդունվում, այդքան գումար էր պետությունը փոխանցում բուհերին`պետական պատվերի շրջանակում ուսումը կազմակերպելու համար:

Կարդացեք նաև

«Այսպիսով` Նորարարությունների մրցակցային հիմնադրամը թույլ է տալիս բուհերին լրացուցիչ ֆինանսավորում ստանալ, շահել պետական դրամաշնորհներ` ներկայացված ծրագրերի արդիականության և արդյունավետության հիման վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ծրագրին մասնակցելու նախապայման էր բուհերի կողմից համաֆինանսավորման սկզբունքը և ցանկալի էր, որ այն կիրառվեր հնարավորինս լայն ճակատով` շահառուների խումբ ստեղծելու միջոցով:

«Մեր խնդիրներից է նաև այն, որ մասնավոր հատվածի մի մասը դեռևս չի ընկալում մասնագիտական կրթության ոլորտը` ոչ թե որպես բարեգործության, այլ ներդրումների կարիք ունեցող ոլորտ, որտեղ գումար դնելով` ընկերությունն ապագայում լավ մասնագետների միջոցով ավելի մեծ շահույթ կունենա»,- ասաց նախարարը` հույս հայտնելով, որ ապագայում ծրագրերին մասնակցել ցանկացող  բուհերի թիվը կավելանա:

Տեղեկացնենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի համաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս