Արգիշտի Կիվիրյան. գործը լրիվ ծայրից ծայր սարքված է (տեսանյութ)

«Աբսուրդի թատրոնը շարունակվում է: Կարճ կարելի է այսպես բնութագրել այն, ինչի համար ինձ այսօր կանչել էին Հատուկ քննչական ծառայություն»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նա տեղեկացրեց, որ իրեն ներկայացվել է արձանագրություն սուտ մատնության վերաբերյալ, սակայն ինքը և իր փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվել են ծանոթանալ այդ արձանագրությանը և ստորագրել այն, հետևաբար չգիտեն՝ ինչ բովանդանկություն ուներ այդ արձանագրությունը: «Շարունակել մասնակցել այդ աբսուրդի թատրոնին, արդեն զավեշտալի է դառնում»,- ասաց Ա. Կիվիրյանը:

«Փաստորեն, ես հասկանում եմ, որ նախաքննական մարմինը չգիտի՝ ինչ անել: Ամեն ձևով փորձում է իրականացնել պատվերն իմ դեմ, փորձում է այդ պատվերը տեղավորել Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարական օրենսգրքի շրջանակներում, սակայն դա փաստորեն չի ստացվում իրենց մոտ, որովհետև գործը լրիվ ծայրից ծայր սարքված է: Սարքված գործերով միշտ ունենում են նմանատիպ աբսուրդային իրավիճակը»,- հավելեց նա:

Ա. Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ յուրաքանչյուր մեղադրյալ առհասարակ իրավունք ունի ծանոթանալու կամ չծանոթանալու ներկայացված արձանագրությանը: «Այս պարագայում, երբ որ Արգիշտի Կիվիրյանն ամենևին վստահություն չունի նախաքննական մարմնի նկատմամբ, և նրանց կողմից ցանկացած կազմված փաստաթուղթ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ըստ էության, չի բխում, նա իրավունք ունի նաև այլևս չշարունակել ծանոթանալ մի արձանագրությանը, որն ի սկզբանե պարզ է, որ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից բխել չի կարող: Որովհետև եթե Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից այս նախաքննությունն ընդհանրապես բխեր, ապա Արգիշտի Կիվիրյանը պետք է լիներ տուժողի կարգավիճակում, և որպես մեղադրյալ պետք է ներգրավված լինեին ոստիկանները»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է բացատրվում գործը երկրորդ անգամ լրացուցիչ նախաքննության վերադարձելու հանգամանքը, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտ ասած՝ ես դադարել եմ այլևս հասկանալ, թե ինչ է կատարվում, և յուրաքանչյուր անգամ, երբ մենք ստանում ենք, որ հերթական անգամ ինչ-որ ցուցումով նորից վերսկսել են նախաքննությունը, մենք, իհարկե, սպասում ենք, որ ինչ-որ աբսուրդ պետք է անեն, բայց երևի աբսուրդներն էլ վերջ ունեն: Հիմա Արգիշտի Կիվիրյանի գործով աբսուրդները վերջ չունեն: Այդպես է ստացվում: Հուսանք, որ մի պահ կվերջանան այդ աբսուրդները»:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Երեկ Ա. Կիվիրյանին գրությամբ տեղեկացրել էին, որ նրա վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է լրացուցիչ քննության և կանչել ՀՔԾ՝ դատավարական համապատասխան գործողությանը մասնակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս