Աշոտ Աղաբաբյանը պարզաբանում է, թե ինչու է վերցրել Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Հակոբյանի քարտերը
Երեկ ԱԺ-ում լարված իրավիճակ էր. ընդդիմությունն ամեն կերպ իշխող մեծամասնությանը փորձում էր խանգարել` կողմ չքվեարկելու «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: Նույնիսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերցրեց ՀՀԿ պատգամավորների քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել: Հետո պարզվեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ Զ. Փոստանջյանի նման վերցրեց ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Հակոբյանի քարտերը:
– Պարոն Աղաբաբյան, փաստորեն, ոչ միայն Զարուհի Փոստանջյանն էր վերցրել ՀՀԿ–ականների քվեարկության քարտերը, այլև Դուք: Ինչո՞ւ:
– Իմ բացակայության ժամանակ չի կարելի իմ քարտս վերցնել: Ես իրանց ներկայությամբ եմ վերցրել: Եթե հումոր ա, հումոր ա… Ես համարում եմ դա հումոր:
– Նիկոլ Փաշինյանն ու Ռուբիկ Հակոբյանը չդիմադրեցի՞ն, որ վերցրիք քարտերը:
– Երբեք… ընդհակառակը՝ ոչ մի հարցի չպատասխանեցին:
– Ինքնակա՞մ տվեցին Ձեզ:
– Իրանք ինքնակամ չտվեցին… Որտեղ որ իրանց քարտը դրվում ա, էնտեղից հանեցի:
– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր այդ քայլը պատասխան քայլ էր Զարուհի Փոստանջյանի արարքին:
– Ոչ միայն Զարուհի Փոստանջյանի… Այդ ամեն ինչը ոչ թե արարք կամ քայլ ա կոչվում, այլ՝ ակցիա: Ես էլ ակցիա արեցի:
– Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեք Զարուհի Փոստանջյանի «ակցիան»:
– Գնահատում եմ դրական ընդդիմություն: Ընդդիմությունը պիտի մի բան ունենա ասելու: Ինչ խոսք, ուղղակի չէր կարող չլինել ընդդիմություն, որովհետև մենք այսօր մի փաստ ենք ստորագրում, որը մեր ապագան է, որովհետև ռուս ժողովրդի հետ միշտ և ընդհանրապես սերտ կապեր ենք ունեցել, և ես համարում եմ, որ ճիշտ քայլ ենք արել (նկատի ունի՝ ստորագրելով համաձայնագրերը.- Տ.Մ.), որովհետև մեր սահմաններն իրենք են պահում: Իսկ ընդդիմության պահանջը լրիվ այլ է, որը հակասում է մեր ժողովրդի և ռուս ժողովրդի փոխհարաբերություններին, որովհետև ռուսական զորքերը որ դուրս եկան, պատերազմը սկսվեց, մեր բանակն ընդամենը երեք-չորս ամիս անընդհատ պատերազմական վիճակում կհայտնվի: Եվ ամենակարևորը՝ այս 300 հոգի ընդդիմախոսները պատերազմ չեն գալու, փախնելու են…
– Չե՞ք կարծում, որ «գազային» համաձայնագրերի ստորագրմամբ Հայաստանը վաճառեց իր անկախությունը Ռուսաստանին:
– Ոչ, ոչ… մեր անկախությունը վաճառելու համար դուք պետք է գնաք էնտեղ ու վաճառեք: Հայ ժողովրդի անկախությունը ոչ մեկը չի կարող վաճառել: Դրանք ընդամենը տնտեսական փոխհարաբերություններ են:
– Իսկ չե՞ք կարծում, որ տնտեսական հիմքի վրա Ռուսաստանը ռազմական անվտանգությամբ շանտաժ է անում Հայաստանին:
– Ոչ, դա շանտաժ չի… ի՞նչն է շանտաժ: Ուրեմն՝ տնտեսական ու երկրի անվտանգության հարթությունը մի հարթության վրա են: Մի տարբերեք դրանք, որովհետև մեր ժողովրդի անվտանգությունն ավելի կարևոր է, քան թե մի քանի գրամ գազի… որից ինչ-որ մարդիկ են օգտվում:
– Բայց Իրանից կարող ենք այդ «մի քանի գրամ» գազը բերել, այն էլ՝ ավելի էժան գնով: Իսկ այս համաձայնագրերով, չե՞ք կարծում, որ փակում ենք այդ ուղին:
– Ոչ մի ուղի էլ չենք փակում…
– Կարծում եք` կկարողանա՞նք հետագայում հրաժարվել:
– Հետագայում տեսնենք՝ ձեռ չի տալիս՝ Իրանից էլ կբերենք:
– Պարոն Աղաբաբյան, Ձեր խոսքից պարզ դարձավ, որ մտավախություն ունեք, թե չստորագրելու դեպքում ՌԴ–ն կհանի՞ զորքերը ՀՀ–ից:
– Իսկ դուք որ ռուս լինեիք, կհանե՞իք, թե՞ չէիք հանի: Հայաստանը Ռուսաստանի ինչի՞ն ա պետք: Որպես բարեկամ երկիր, ինքն էլ (նկատի ունի Ռուսաստանը.- Տ.Մ.) ասում ա՝ բարեկամ-բարեկամ, արի մեր հետ տնտեսական համաձայնագրեր կնքի, ինչի՞ ես ուրիշի հետ կնքում: Եթե ֆրանսիական զորքերը մեր սահմանները պաշտպանեին, Ֆրանսիան մեզ ձեռնտու կլիներ…
– Հիմա խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշել են դիմել ՍԴ: Ի՞նչ եք կարծում…
– Սխալվել են իրանք… պարզ ասեմ՝ իրանք ընդամենը խուճապի մեջ են: Որովհետև իրենք իրար հետ չեն ու անկազմակերպ են:
– Ինչպե՞ս թե անկազմակերպ էին, նրանք համախմբված լքեցին դահլիճը:
– Իրար հետ ընդամենը դուրս եկան, բայց իրանք իրար հետ չեն: Հա, իրոք, մենք բարդ պայմանագիր ենք ստորագրում երկրի համար, ու գուցե ժամանակի ու տարածության մեջ օգուտը կարող է քիչ լինի, բայց էսօր մեր ժողովրդի, մեր պետության անվտանգության օգուտն ավելի շատ է, քան թե դա: