Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Մովսիսյանին. Դուք մեզ մի՛ ասեք, որ օրենք չեք խախտել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արտահերթ նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հորդորեց ոչ իշխանական ուժերի հարցերին կոնկրետ պատասաններ տալ: «Մենք Ձեզ շատ ուղիղ հարց ենք տալիս ու պահանջում ենք նույնքան ուղիղ պատասխան,- նշեց նա, ապա հետաքրքրվեց,- Դուք փաստորեն համաձայնել եք ավելի մեծ ծախսեր կատարել, քան դա նախատեսված էր 2011-2012-2013 թթ. բյուջեի մասին օրենքներով: Ինչո՞ւ եք խախտել Սահմանադրությունը: Ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանությանը հավասարվող այս հանցագործությունը»:

Պատգամավորն ընթերցեց ներկայացված համաձայնագրի 5-րդ հոդվածը, ապա հարցրեց. «Սա ի՞նչ է նշանակում: Մենք գիտենք, որ այն էներգիան, որը գազի միջոցով է արտադրվում, ամենաթանկ էներգիան է: Հիմա մենք փաստորեն պետք է զոհաբերենք ավելի խնայողաբար էլեկտրաէներգայի արտադրությունը հանուն «Գազպրոմի» շահերի՞»:

Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նաև իրանական գազին՝ նշելով. «Դուք ասացիք, որ եթե, ասենք, Իրանի հետ բանակցենք ավելի էժան հարցում կամ վաղը, մյուս օրը Ղարաբաղի հարցը լուծվում է ու Ադրբեջանն, ասենք, մեզ հարյուր դոլարով է տալիս գազը, ուզում եմ հասկանալ՝ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերեցինք, այն դեպքում, երբ բաշխիչ ցանցը գտնվում է ՌԴ-ում, մենք կարո՞ղ ենք ավելի էժան գազ ձեռք բերել ասենք Իրանից»:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը՝ դիմելով նախարարին, նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս գործարքը կատարվում «ոտնահարելով բոլոր օրենքները»: «Ինչո՞ւ է այս գործարքի համար ոտնահարվում ամբողջ օրենսդրությունը, սա ի՞նչ արտոնություն է, որ տրվում է «Գազպրոմին»: Կարո՞ղ եք բացատրել»:

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, թե որևէ օրենսդրական խախտում չի եղել ու Կառավարությունը որևէ օրենք չի խախտել: Նախարարաը նշեց, թե համաձայնագիրը որևէ պարտավորություն չի նախատեսում՝ թանկ արտադրված էլեկտրաէներգիան ներքին շուկայում իրացնելու համար: «Համաձայնագիրն ուղղակի ասում է, որ իրենք կարողանան օգտվել այդ ենթակառուցվացքներից: Ընդամենը սրա մասին է: Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին՝ այո, եթե վաղը, մյուս օրը լինի ավելի էժան գազ, նրանք պարտավոր են շահագործման համար նախատեսված մարժան տեղափոխել ու բաշխել ՀՀ-ում: Որևէ սահմանափակում այս համաձայնագիրը չի դնում»,- նշեց նախարարը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ արձագանքեց՝ նշելով. «Հիմա Դուք ասացիք, որ եթե ավելի էժան գազ մենք հայթայթենք, նրանք պարտավոր են: Բա ինչո՞ւ այդ պարտավորությունը արտահայտված չէ համաձայնագրում: Այս համաձայնագիրը հիմնականում Հայաստանի պարտավորությունների ցուցակն է, մի ամբողջ ցուցակ և «Գազպրոմին» տրված արտոնություններին ցուցակ: Մենք նման պարտավորության մասին որևէ հիշատակում չտեսանք փաստաթղթում»:

Լևոն Զուրաբյանը՝ դիմելով Արմեն Մովսիսյանին, ասաց, թե նա կարող է «յոթ անգամ կրկնել, որ օրենք չեն խախտել», այն դեպքում երբ այդպես չէ: «Դուք մեզ մի ասեք, որ օրենք չեք խախտել»,- շեշտեց նա: Արմեն Մովսիսյանն էլ ասաց, թե համաձայնագրում հարաբերությունները, որոնք պետք է հետագայում աշխատեն՝ նույն օրենսդրությունն է, որոնք այսօր գործում են: «Ընդամենը ֆիքսված են պայմանները»:

Տեսանյութեր

Լրահոս