Բաժիններ՝

Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակային կենսաթոշակին մասնակցող քաղաքացիների գումարները չեն կորի. ՖՆ-ը պարզաբանում է (hetq.am)

Ի՞նչ երաշխիք պիտի ունենա մասնակից քաղաքացին, որ տարիներ անց իր պարտադիր կուտակումները կենսաթոշակի տեսքով հետ կգան իրեն: Ի՞նչ երաշխիք կա, որ տարիներ անց այս մասնավոր ընկերությունները չեն սնանկանա կամ չեն լուծարվի և հազարավոր քաղաքացիների չեն կանգնեցնի փաստի առաջ: Hetq.am-ի այս հարցին ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը պատասխանել է.

-Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի և կառավարելի հաշվետիրոջ համար: Կառավարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոցները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը և հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պարտատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:

Բացի այդ, օրենսդրությամբ ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքները ուղղված են երաշխիքների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մասնավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգերը (որոնք նվազեցնում են համակարգի գործառնական ռիսկերը), ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները (որոնք բացառում են մասնակիցների միջոցների միախառնումը այլ անձանց միջոցների հետ և ապահովագրում այդ անձանց սնանկացման ռիսկից), ներդրումների դիվերսիֆիկացիայի պահանջները (որոնք ապահովագրում են մասնակիցների միջոցների արժեքի կորուստի ռիսկից), անկախ պահառուի ինստիտուտը (որն իրականացնում է հսկողություն ֆոնդի ակտիվների ներդրման և կառավարչի գործունեության նկատմամբ), անկախ աուդիտի պահանջները, Կենտրոնական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը և այլն:

Բացի վերը նշվածներից, օրենսդրորեն ամրագրված է ուղղակի երաշխիք, համաձայն որի՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո առնվազն կստանա իր իսկ կուտակած միջոցները` ճշգրտված տարեկան գնաճով (ճշգրտումն իրականացվում է յուրաքանչյուր տարի), ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը, նաև՝ մասնակիցը կստանա լրացուցիչ միջոցներ ևս, որոնք կձևավորվեն իր միջոցների` պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից տարբեր շահութաբեր ծրագրերում ներդրման արդյունքում ապահովված եկամտաբերության շնորհիվ:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս