Թուրքիան ու Իրանը երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն են զբաղեցնում բանտարկված լրագրողների քանակով. CPJ
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/report.prison.12.17.AFP-1.jpg)
Լրագրողների պաշտապանության կոմիտեի (Committee to Protect Journalists, CPJ) պաշտոնական կայքի (www.cpj.org) փոխանցմամբ՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում բանտարկված լրագրողների ցուցանիշով՝ գերազանցելով անգամ Իրանին ու Չինաստանին:
Այս մասին նշված է CPJ-ի պատրաստած զեկույցում: Դրանում նշված է, որ վերջին մեկ տարում աշխարհում որոշակիորեն նվազել է բանտարկված լրագրողների քանակը, սակայն այն շարունակում է մոտ գտնվել պատմական «ռեկորդին»:
CPJ-ի հետազոտության համաձայն, աշխարհում ազատազրկում կրող բոլոր լրագրողների կեսից ավելին բաժին է ընկել Թուրքիային, Իրանին ու Չինաստանին: 2013 թվականին դատապարտվել և բանտ է նետվել 211 լրագրող, ինչը մի փոքր զիջում է 2012 թվականի ցուցանիշին՝ 232 լրագրող:
Իշխանությունների քննադատների հանդեպ իրենց անհանդուրժողականությամբ հայտնի Թուրքիան, Իրանն ու Չինաստանն ընդհանուր առմամբ բանտ են նետել 107 լրագրողի, բլոգերի, խմբագրի: Նրանց հիմնականում մեղադրել են պետության դեմ հանցանքներ գործելու մեջ:
Թուրքիան ու Իրանն արդեն երկրորդ տարին անընդմեջ «առաջատար» են լրագրողներին բանտ նետելու հարցում՝ չնայած նրան, որ այս տարի նրանք ազատ են արձակել մի շարք լրագրողների: Չինաստանում բանտարկված լրագրողների քանակը մնացել է նախկին մակարդակի վրա:
Մեկ տարում թուրքական բանտերում գտնվող լրագրողների քանակը 49-ից իջել է 40-ի, քանի որ նրանցից ոմանց ազատ են արձակել՝ կապված նրանց գործերով դատավարությունների չսկսվելու և նոր օրենքի հետ, որը տևական ժամկետով արդեն իսկ ազատազրկման մեջ գտնվող լրագրողներին հնարավորություն է տվել հայտնվել ազատության մեջ:
Եվ այնուամենայնիվ, թուրքական բանտերում դեռ պահվում են տասնյակ քուրդ լրագրողներ, որոնց մեղադրել են ահաբեկչության և հակապետական ենթադրյալ դավադրություններին մասնակցելու մեջ:
Իրանում բանտարկված լրագրողների քանակը 45-ից նվազել է 35-ի, իսկ Չինաստանի բանտերում, 2012 թվականի համեմատ, չի փոխվել նրանց քանակը՝ 32 լրագրող, խմբագիր ու բլոգեր:
Բանտարկված լրագրողների քանակով «առաջատար» տասնյակում են ընդգրկվել նաև Էրիթրեան (22 լրագրող), Վիետնամը (18 լրագրող), Սիրիան (12 լրագրող), Ադրբեջանը (8 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Եգիպտոսը (5 լրագրող) և Ուզբեկստանը (4 լրագրող):