Թուրք պատմաբանները Դավութօղլուին մեղադրել են Հայկական հարցում սահմանված «կարմիր գիծը» հատելու մեջ
Թուրքական Aydınlık թերթի փոխանցմամբ՝ թուրք պատմաբանները քննադատել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին՝ կապված նրա երևանյան այցի և հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար:
Թուրքիայի պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu, TTK) նախկին նախագահ, հայտնի հայատյաց Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ եթե իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չամաչի հասարակությունից, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության հարցում հետազոտություններ իրականացրած Մեհմեթ Փերինչեքն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան սկսել է Հայաստանի հանդեպ հետքայլեր անել:
Հալաչօղլուն հայտարարել է. «Կառավարության հայկական նախաձեռությունը, սահմանի բացման նման թեմաներն աչքի առաջ ունենալով՝ կհասկանաք, որ Ահմեթ Դավութօղլուն կամ կառավարությունը կարող են ընդունել այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը: Նրանք պատրաստ են զիջումների գնալ հայերին: Երբ ես TTK-ում էի, այս թեմայով կատարել ենք շատ լուրջ աշխատանքներ:
Ինձ TTK-ի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հիմքում ընկած է հայկական նախաձեռնությունը: Կարծում եմ, որ նրանք պատրաստ են ամեն տիպի զիջումներ անել հայերին, և եթե չքաշվեն հասարակությունից, ապա այսօր էլ մեծ արագությամբ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:
Մեհմեթ Փերինչեքն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ցայժմ առանցքային թեմաների շուրջ ուներ «կարմիր գծեր»՝ անկախ նրանից, թե երկրում ինչ կառավարություն է: Դա մասնավորապես վերաբերում է հայկական ու կիպրական հարցերին: Փերինչեքի կարծիքով՝ ԱԶԿ-ը չի հետևում Թուրքիայի հիմնական «կարմիր գծերին», և հետևում է կատարելապես այլ «կարմիր գծի».
«Կիպրոսի, Թուրքիայի տարածքային ամբողջականության, Հայկական հարցերի շուրջ սկսել են վարել բավական լուրջ տարբերություն ունեցող քաղաքականություն: Թուրքիան գնում է իր ազգային շահերի դեմ»: