Արդեն կարելի է Արցախ այցելել վիրտուալ` Google Earth-ով
«Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:
«Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանի խոսքով`նախագիծը հնարավորություն է տալիս այցելել Արցախ ոչ միայն սփյուռքահայերին ու օտարերկրացիներին, այլ նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր ինչ-որ պատճառներով դեռևս չեն եղել Արցախում: «Բացի այդ, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախը այլ կերպար են ներկայացնում: Սա է նաև պատճառը, որ շատ կարևոր ենք համարում մեր երկրի յուրաքանչյուր հողակտորի ճիշտ և պատկերավոր ներկայացված լինելը համացանցում››,- ասում է Վ. Սոֆյանը:
Ներկա պահին Google Earth համակարգում արդեն տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով՝ վիրտուալ ճանապարհորդը կարող է կարդալ շենքի վերաբերյալ տեղեկատվություն և, ամենակարևորը, կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ անվանումը (Ստեփանակերտ անվամբ քաղաքը), այլ ոչ թե մեր հարևան երկրի կողմից լուսաբանվող կեղծ անվանումներով քաղաքները։
Ընկերությունը նախատեսում է եռաչափ մոդելավորել և համացանցում տեղակայել նաև Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, վանքերն ու եկեղեցիները, արձանները և այլն:
Նշենք, որ այս պահին «Լոկատոր»-ն իրականացրել է Գանձասարի և Ղազանչեցոց եկեղեցիների 360 պանորամիկ լուսանկարները, որը հասանելի է համացանցում այս հղումով: Արցախի հոլովակը կարող եք դիտել այս հղումով:
Հիշեցնենք, որ 2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևանը, Լեհաստանի Լյուբլին քաղաքը: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում: