Իսրայելական պատվիրակությունն ԱՄՆ-ում խորհրդակցություններ է անցկացրել Իրանի շուրջ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական պատվիրակությունը վարչապետի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Յոսսի Կոհենի գլխավորությամբ ԱՄՆ-ում խորհրդակցություններ է անցկացրել Իրանի շուրջ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Իսրայելական պատվիրակության հետ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը, նրա տեղակալ Թոնի Բլինկենը, ինչպես նաև Պետդեպարտամենտի ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցը և տվյալ ուղղությամբ «Վեցյակի» գործադրած ջանքերը: Հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմը հաստատել է, որ նախագահ Բարաք Օբամայի նպատակն Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը կանխելն է:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քանիցս հայտարարել է, որ «պատմական սխալ» է համարում նոյեմբերի վերջին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: