Բելառուսն արտահանման կտրուկ անկման պատճառով զրկվել է գրեթե 10 միլիարդ դոլարից
Բելառուսական БелаПАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսն ապրանքների արտահանման կրճատման հետևանքով չի ստացել գրեթե 10 միլիարդ դոլար: Այս մասին են վկայել վիճակագրական պաշտոնական տվյալները:
Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 30 ապրանքատեսակի արտահանման մասին, ինչն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նվազել է 9 միլիարդ և 709 միլիոն դոլարով:
Արտահանման զգալի կրճատումն առանչվել է հիմնական ապրանքատեսակներին, որոնք նախորդ տարի վճռորոշ դեր են խաղացել ազգային արտահանման գործընթացում: Այս տարվա առաջին 10 ամիսներին նավթամթերքի արտահանումը նվազել է 3.89 միլիարդ դոլարով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Լուծիչների արտահանումը նվազել է 2.8 միլիարդ դոլարով, քսանյութերի արտահանումը՝ մոտ 1 միլիարդ դոլարով, կալիումական պարարտանյութերի արտահանումը՝ 543.4 միլիոն դոլարով, բեռնատար մեքենաների արտահանումը՝ 377 միլիոն դոլարով, տրակտորների ու քարշակների արտահանումը՝ 301.1 միլիոն դոլարով:
Դրամական արտահայտմամբ նվազել է նաև բելառուսական մետաղական արտադրանքի, անվադողերի, խոզի մսի, նավթի և այլ ապրանքատեսակների արտահանումը: Օրինակ, կիսաֆաբրիկատների արտահանումը կրճատվել է 217.9 միլիոն դոլարով, խոզի մսի արտահանումը՝ 77.4 միլիոն դոլարով, անվադողերի արտահանումը՝ 72.1 միլիոն դոլարով, նավթի արտահանումը՝ 47.1 միլիոն դոլարով:
Հունվար-հոկտեմբեր ամիսներին բելառուսական արտահանման մեջ զգալի (ավելի քան 100 միլիոն դոլար) առաջընթաց է գրանցվել միայն մեկ ապրանքատեսակի՝ կաթնամթերքի հարցում: Բելառուսական արտահանման անկումն ընթացիկ տարում հանգեցրել է արտաքին առևտրում բացասական սալդոյի (712.1 միլիոն դոլար) գոյացմանը:
Մինչդեռ 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրում գրանցվել էր դրական սալդո՝ 3.7 միլիարդ դոլար: Չի բացառվում, որ այս տարվա բացասական սալդոն կարող է կազմել 2 միլիարդ և 165.6 միլիոն դոլար:
Բելառուսական արտահանման զգալի կրճատումը պայմանավորված է մի շարք գործոններով: Մասնավորապես, արտաքին առևտրի վրա բացասաբար է ազդել լուծիչների ու քսանյութերի արտահանման գործնականում ամբողջովին դադարեցումը:
Բելառուսի ղեկավարությունը նման քայլի է գնացել Ռուսաստանի պնդմամբ, ով սկսել է կասկածել, որ Բելառուսը լուծիչների ու քսանյութերի անվան տակ արտաքին շուկաներ է հասցնում նավթամթերք, ինչը նրան հնարավորություն է տվել մաքսատուրքեր չվճարել ռուսական բյուջե:
Բացի այդ, ընթացիկ տարում արտահանման անկումը պայմանավորված է նաև բելառուսական մեքենաշինական արտադրանքի պահանջարկի անկմամբ և կալիումական պարարտանյութերի գների նվազեցմամբ:
Ռուսական Uralkali ընկերությունը որոշել է դադարեցնել դրանց վաճառքը Բելառուսական կալիումային ընկերության միջոցով, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային շուկաներում պարարտանյութերի գների անկմանը:



