Բաժիններ՝

Մենք ամենաուշադիր ձևով հետևում ենք Ուկրաինայի զարգացումներին. Դմիտրի Մեդվեդև

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան ինքնուրույն որոշում է ընդունել եվրաինտեգրման կասեցման մասին. «Ուկրաինան՝ Ուկրաինայի ժողովուրդն ու նրա ստեղծած իշխանությունները, իրենք են ընտրել, թե որտեղ պետք է գտնվի Ուկրաինան:

Դա նրանց լիազորություններն են, թող իրենք էլ պարզաբանեն իրենց մեջ: Սակայն մենք անտարբեր չենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Ուկրաինան մեզ համար կարևոր առևտրային-տնտեսական գործընկեր է, ինչպես որ մենք ենք Ուկրաինայի համար: Բնականաբար, մենք հետևում ենք նրան, թե Ուկրաինան ինչպես է զարգացնելու իր տնտեսությունը:

Մենք որևէ կերպ չենք հակառակվում որևէ մեկի հետ Ուկրաինայի ինտեգրմանը: Ուկրաինայի ղեկավարությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ միավորվելն է շահավետ երկրի համար: Որքանով որ մենք կարող ենք հասկանալ, Ուկրաինայի ղեկավարությունը ներկայումս մտահոգ է հենց դրանից:

Նրանք երկար ճանապարհ են անցել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, մենք էլ ասել ենք՝ խնդրեմ, սակայն դուք կունենաք երկրի ներքին կարգավորման խնդիրներ, և բացի այդ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ Ղազախստանը (Մաքսային միություն) չեն կարող անտարբերություն ցուցաբերել նրան, որ դուք սահմանը բացում եք Եվրոպայի համար:

Նրանք հաշվարկել և հասկացել են, որ պատրաստ չեն դրան, դրա համար էլ որոշեցին հետաձգել փաստաթղթերի ստորագրումը: Դա նրանց ներքին գործն է, մենք պարզապես նրանց ուշադրությունը բևեռել ենք խնդիրների վրա: Որոշումն ընդունվել է Սահմանադրությանը համապատասխան, ոչինչ չի խախտվել:

Իսկ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում այնտեղ, բարդ իրավիճակ է, ի ցույց է դնում որոշումների զգացական կողմը: Մենք ամենաուշադիր ձևով հետևում ենք Ուկրաինայի զարգացումներին: Սակայն խնդիրը պետք է լուծեն իրենք՝ Ուկրաինայի ղեկավարությունն ու հասարակությունը, և ոչ թե օտարները՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ մյուս երկրները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս