Իրանը պատրաստ է մեկ բարել նավթի համաշխարհային գինը նվազեցնել մինչև 20 դոլարի

Financial Times թերթի փոխանցմամբ՝ Իրանն ու Սաուդյան Արաիան երեկ բաց հակամարտության մեջ են մտել՝ կապված նավթարդյունահանման մեծացման հետ: Իրանը ցանկանում է մեծացնել նավթի արդյունահանումը՝ չնայած նրան, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) անփոփոխ է թողել հաջորդ տարվա նավթարդյունահանման մակարդակը՝ օրական 30 միլիոն բարել:

OPEC-ը վերահսկում է նավթի համաշխարհային շուկայի 1/3-ը և զգալիորեն ազդում է նավթի գների վրա: Սակայն OPEC-ը դեռ պետք է հաղթահարի ԱՄՆ-ում նավթարդյունահանման աճը, ինչպես նաև Իրանի ու Իրաքի հավակնությունները: Նավթային այս երկրները ցանկանում են մեծացնել նավթի արդյունահանումը:

Թեհրանին ոգևորել է իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, որը Իրանի կառավարությունը մոտ 10 օր առաջ է ստորագրել Արևմուտքի երկրների հետ: Այժմ Իրանի իշխանությունները հուսով են, որ իրենց կհաջողվի գործարք կնքել և ամբողջովին հանել երկրի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները:

Իրանը հուսով է, որ կարող է արագորեն հասնել նավթի արդյունահանման նախկին մակարդակին՝ օրական 2.7 միլիոն բարել: Իրաքը նույնպես պլանավորել է հաջորդ տարի նավթի օրական արդյունահանման ծավալը 1 միլիոն բարելից հասցնել մինչև 4 միլիոնի:

Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն երեկ Վիեննայում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է սանձազերծել գնային պատերազմ. մեծացնել նավթի արդյունահանումը, անգամ եթե ընկնեն նավթի գները. «Մենք կհասնենք օրական 4 միլիոն բարելի, անգամ եթե նավթի գինը նվազի մինչև 20 դոլարի»:

Նշվում է, որ այդ դեպքում OPEC-ի մյուս երկրները հարկադրված կլինեն կրճատել նավթի արդյունահանումը, որպեսզի պահպանեն գները շուկայում, երբ այնտեղ կվերադառնա Իրանը: Իրանի այս կոշտ հայտարարությունները կապված են նրա հետ, որ նա հող է նախապատրաստում OPEC-ի իրական առաջնորդ Սաուդյան Արաբիայի հետ հետագա բանակցությունների համար:

Հենց Սաուդյան Արաբիան հարկադրված կլինի լրջորեն կրճատել նավթի արդյունահանումը, որպեսզի Իրանին ու Իրաքին հնարավորություն տա վերադառնալ շուկաներ: Ներկայումս Սաուդյան Արաբիան նավթարդյունահանման ծավալը հասցրել է ռեկորդային մակարդակի՝ օրական 10 միլիոն բարելի, որպեսզի փոխհատուցի OPEC-ի անդամ այլ երկրներում նավթարդյունահանման ծավալը:

Սաուդյան Արաբիան դեռ չի հավատում նրան, որ Իրանն ու Իրաքը կարող են արագորեն մեծացնել նավթի արդյունահանումը և վերադառնալ շուկաներ: Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է. «Դուք գիտե՞ք, թե ինչ տեղի կունենա, եթե նավթի մեկ բարելի գինը նվազի մինչև 20 դոլարի:

Դուք գիտե՞ք, թե որքան երկիր հարկադրված կլինի դադարեցնել նավթի, այդ թվում նաև թերթաքարային նավթի արդյունահանումը: Այդ ամենը կորստյան կմատնվի»: Ներկայումս Brent տիպի նավթի մեկ բարելն արժե 110 դոլար, ինչը գերազանցում է OPEC-ի ոչ պաշտոնական նպատակը:

Տեսանյութեր

Լրահոս