Թուրքիան Կատարից կստանա 350 միլիոն դոլարի բնական գազ. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Կատարից ստանալու է 350 միլիոն դոլարի բնական գազ:

Յըլդըզն այս հայտարարությունն արել է Կատարի մայրաքաղաք Դոհայում, ուր գտնվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Յըլդըզն ընդգծել է, որ ձմեռվա ընթացքում (դեկտեմբեր, հունվար, փետրվար) Թուրքիայում մեծանում է բնական գազի պահանջարկը:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են, որ Կատարը վերածվի Թուրքիայի վեցերորդ գազամատակարարի: Կատարը պլանավորել է Թուրքիայի տարածքով իր գազը հասցնել Եվրոպա:

Ներկայումս Թուրքիան ունի երեք հիմնական գազամատակարար՝ Ռուսաստան, Իրան և Ադրբեջան: Բացի այդ, Թուրքիան հեղուկացված գազ է ներկրում Ալժիրից ու Նիգերիայից:

Տեսանյութեր

Լրահոս