Ջոն Քերին դեկտեմբերի 10-ին ԱՄՆ կոնգրեսում կպատասխանի Իրանի հետ կապված հարցերին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 10-ին ելույթ է ունենալու ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովում, ինչպես նաև պատասխանելու է նոյեմբերի վերջին Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ օրենսդիրների հարցերին:
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Նա ընդգծել է, որ իրենք լուրջ մտահոգություն ունեն, որ համաձայնագիրը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պաշտպանության համար:
Ռոյսը մասնավորապես նկատել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Թեհրանին չի զրկում իր միջուկային ծրագրի առանցքային տարրերը պահպանելուց. «Միջազգային հանրությունը թուլացնում է պատժամիջոցների ճնշումը, միևնույն ժամանակ իրանական ցենտրիֆուգները շարունակում են ուրան հարստացնել:
Լսումները հանձնաժողովի անդամներին հնարավորություն կտան պարզաբանումներ ստանալ պետքարտուղար Քերիից, թե ինչու է Օբամայի վարչակազմը կարծում, որ ճիշտ ճանապարհը պատժամիջոցների թուլացումն է»: