Թուրքիայում դատախազն ու դատավորը քնել են «Գեզիի դեպքերի» ժամանակ զոհված ցուցարարի դատավարության ժամանակ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել դատավորի ու դատախազի նկատմամբ, որոնք քնել են ցուցարարի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի դատավարության ժամանակ:
Դրա հետ կապված՝ ուսումնասիրվելու են դատական նիստի լուսանկարներն ու տեսանյութերը: Միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 2-ին, Անկարայի դատարանում: Դատավորներից մեկն ու դատախազը նիրհել են այն ժամանակ, երբ ելույթ է ունեցել հակակառավարական ակցիայի («Գեզիի» դեպքեր) ժամանակ զոհված ցուցարարի ազգականների պաշտպանը:
Նիստն ավարտվել է նրանով, որ դատարանը որոշել է հրաժարվել գործից և այն հանձնել վերին ատյանների դիտարկմանը: Նշվում է, որ այս տարվա հունիսին 26-ամյա ցուցարար Էթհեմ Սարըսյուլյուքը մահացել է ստացած հրազենային վնասվածքի հետևանքով: Տեսախցիկը որսացել է նրա վրա կրակող ոստիկանին: