Բաժիններ՝

Ինչպիսի՞ Կովկաս է անհրաժեշտ Իրանին

Iran.ru լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Նադեժդա Կևորկովայի «Ինչպիսի՞ Կովկաս է անհրաժեշտ Իրանին» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռուսաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը կառուցվում է միջուկային խաղաղ ծրագրի շուրջ համագործակցության հիման վրա. դա այդ հարաբերությունների ալֆան և օմեգան է:

Իրանը ոչ մի անգամ հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ, որը կհակասեր Ռուսաստանի շահերին: Իրանը զերծ է մնում Ռուսաստանին քննադատելուց և առավել ևս նրա դեմ չի վարում ո՛չ քարոզչական, ո՛չ դիվերսիոն պատերազմ՝ ի տարբերություն այլ երկրների: Իրանը միակ երկիրն է, որը բացարձակապես բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ:

Իրանը շնորհակալ է Ռուսաստանին՝ իր միջուկային խաղաղ ծրագրի հարցում ցուցաբերած աջակցության համար, որը Ռուսաստանը ցուցաբերում է ոչ միայն տեխնիկական պլանում՝ կառուցելով Բուշեհրի ատոմակայանը, այլև՝ միջազգային մակարդակում աջակցելով խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքին:

Կովկասում Իրանի ռազմավարական շահը չի կայանում նրանում, որ այստեղ տեղի ունենան ռազմական հակամարտություններ, ո՛չ մի նման բան: Անհրաժեշտ է առանձին անդրադարձ կատարել Իրանի ու Հայաստանի կապերին: Իրանը ոչ միայն էներգոպաշարներով աջակցել է Հայաստանին, այլև բազում տարիներ փրկել է նրան շրջափակումից, որում այդ երկիրը հայտնվել էր ԽՍՀՄ փլուզումից ու Ղարաբաղյան պատերազմից հետո:

Արևմուտքը զուր տեղը շատ ջանքեր է գործադրել այդ միությունը փլուզելու համար: Հայաստանն օժտված է միջուկային տեխնոլոգիաներով, գործող ատոմակայանով, կադրերով ու ուրանի պաշարներով: Ինչո՞ւ է Հայաստանն անհրաժեշտ Թեհրանին, ակնհայտ է, եթե հասկանում ես, թե որչափ կարևոր է Իրանի միջուկային ծրագրի կարևորությունը:

Իրանի հետ Հայաստանի միությունն այդ երկրին երաշխավորում է, որ նա մնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վերածված չէ գերտերությունների ասիական գաղութի: Իրանը հանդիսացել է ԽՍՀՄ-ի ամբողջականության հետևողական ջատագովը, հանդիսանում է Ռուսաստանի ամբողջականության անխոս աջակիցը և երբեք, ոչ մի կերպ չի աջակցել որևէ անջատողականի:

Ի տարբերություն Պարսից ծոցի երկրների՝ Իրանը չի կարծում, թե Հյուսիսային Կոկասում տեղի է ունենում ջիհադ, ո՛չ ներկայումս, ո՛չ էլ չեչենական երկու կամպանիաների ժամանակ: Իրանում գոյություն ունի Ռուսաստանի հետ ընդհանուր ճակատագիր ունենալու ըմբռնում:

Երկու երկրները գտնվում են Արևմուտքի ու նրա դաշնակիցների քննադատությունների մշտական կրակի տակ, երկու երկրներն էլ պաշտպանվում են ամենատարբեր ձևերով, նրանց միավորում է էթնիկ ու կրոնական բազմազանության պահպանման անհրաժեշտությունը: Երկու երկրներն էլ ունեն վաղեմի և հարուստ պատմություն: Իրանում ու Ռուսաստանում խաղաղ գոյակցում են քրիստոնյա ու մուսուլման համայնքները:

Արևմտյան վերլուծաբանները կտրականապես չեն նկատում, որ ի տարբերություն Հարավային Կովկասի՝ Իրանում որևէ բախում չի գրանցվում բազմամիլիոն ադրբեջանական և բազմահազարանոց հայկական համայնքների միջև: Ավելին, Իրանի հայերը, մնալով քրիստոնյա, ունեն բոլոր իրավունքները, բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, թերթեր, դպրոցներ, մարզական կենտրոններ:

Գերազանցապես շիաներով բնակեցված Իրանում կան ընդարձակ տարածքներ՝ բնակեցված սուննիներով: Չնայած գործադրած մի շարք ջանքերին՝ Արևմուտքին չհաջողվեց սուննի համայնքին դրդել դիվերսիոն գործողությունների, քանի որ երկրում խաթարված չեն սուննիների իրավունքները, ինչպես որ քրիստոնյաների, հրեաների պարագայում է:

Ավելին, Իրաքյան պատերազմի (1980-1988) հերոսների ամենամեծ թվաքանակը բաժին է ընկնում սահմանակից, սուննիաբնակ մարզերին: Իրաքյան պատերազմի շեհիթներ (նահատակ) կան նաև քրիստոնյաների ու հրեաների շրջանում:

Իրանի քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Իրանը սկզբունքորեն համաձայն չէ Պաղեստինի տարածքում Իսրայելի կազմավորման հետ, այդ վարչակարգին համարում է զավթիչ և վերջին ապարտեիդ, նրան մեղադրում է իր (իրանցի) գիտնականներին սպանելու և բանավոր ու ռազմական ագրեսիայի աստիճանը մշտապես բարձրացնելու մեջ:

Իրանի հետ այդ հարաբերություններն անհնար են: Իրանը երբեք չի մոռանում պաղեստինցիների ու Պաղեստինի մասին: Ռուսաստանի հետ Իսլամական հանրապետության կառուցողական հարաբերությունները հնարավոր են դարձել աֆղանական կամպանիայի ավարտից և Գորբաչովին այաթոլլահ Խոմեյնիի նամակ հղելուց հետո:

Խոմեյնին ԱՄՆ-ին անվանել է «մեծ սատանա», իսկ ԽՍՀՄ-ին՝ «փոքր սատանա», ինչը մեծապես կապված էր նրա հետ, որ կանխատեսում էր խորհրդային ղեկավարների դավաճանությունը, և այն, թե ինչով կավարտվի ԱՄՆ-ին գերազանցելու փակուղային ձգտումը: Հաշվի էր առնվում, որ ԽՍՀՄ-ը ներքաշվել է աֆղանական կամպանիայի և հեղափոխական Իրանի դեմ 8-ամյա ագրեսիա սանձազերծած Իրաքին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ:

Խոմեյնիի նամակից հետո Իրանը երբեք թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ՝ թեև դրա համար բավական հիմքեր է ունեցել թե՛ ելցինյան ժամանակ, թե՛ դրանից հետո: Աշխարհի և ոչ մի երկիր այդպիսի մշտականություն չի ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ բարյացակամություն ցուցաբերելիս:

Իրանի հետ մերձենալու նախաձեռնողը պատրիարք Ալեքսեյ Երկրորդն էր, ով կարծում էր, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է իր կապերն ամրապնդել իսլամական աշխարհի և Իրանի նման անկախ երկրների հետ, քան՝ Արևմուտքի բարեհաճությունը փնտրելը:

Առավել պակաս արդյունավետ են եղել Իրանի հետ կովկասցի պատգամավորների ուժերով կապեր հաստատելու փորձերը: Կատարվել են միջխորհրդարանական այցերի մի շարք փորձեր, սակայն իրանական կողմն այդպիսի կապերը չի համարել քիչ թե շատ օգտակար:

Իրանն առաջնորդվում է «ոչ Արևմուտք, ոչ Արևելք» սկզբունքով, չի զբաղվում էքսպանսիայով, չի արտահանում հեղափոխություն և տարված չէ շիիզմը տարածելու գաղափարով: 1979 թվականի Իսլամական հեղափոխությունն աշխարհի և մասնավորապես Կովկասի մուսուլմանների համար հանդիսացել է ազատության հզոր շունչ և ամենուրեք մուսուլմանական համայնքի զարգացման խթան:

Դա հատկապես զգացվել է Ադրբեջանում ու Տաջիկստանում: Սակայն Իրանը, ի տարբերություն Արևմուտքի երկրների, Ռուսաստան և Կովկաս չուղարկեց ո՛չ «իրական իսլամի» քարոզիչների, ո՛չ ջիհադի էմիսարների, չհիմնեց հավատորսությամբ զբաղվող հիմնադրամներ, չբացեց մուֆթիների ֆինանսավորման հոսքեր:

Ռուսաստանում արգելված գրականության ցանկում ընդգրկված առաջին գրքերից մեկը Խոմեյնիի «Կտակն» էր: Թեև այդ գիրքը հանդիսանում էր հեղափոխության կարևորագույն ժառանգություն՝ Իրանը որևէ հայտարարություն չարեց Ռուսաստանում դրա արգելման կապակցությամբ:

Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ Ռուսաստանը հրաժարվեց Իրանի C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումից՝ կապված ՄԱԿ-ի պատժամիջոցների հետ: Բուշեհրի ատոմակայանի գործարկումը հետաձգվել է քանիցս, իսկ հետագայում ատոմակայանի համակարգչային համակարգերը վարակվել են վիրուսով (Stuxnet): Եվ վերստին Իրանն այդ հարցերը լուծել է՝ առանց աղմուկ բարձրացնելու:

Ռուսաստանում սպանվեցին Իրանի դեսպանատան աշխատակիցների երեխաները, ինչն իրականացվեց տեսախցիկների դիտարկման ներքո և դիվանագետների բնակության շրջանում գտնվող ոստիկանատնից ոչ հեռու: Եվ նորից Իրանը հնչեղություն չհաղորդեց այդ աղետին:

Տարբեր մակարդակի ռուս մատակարարները շարունակ խափանել են քաղաքացիական ավիացիայի պահեստամասերի մատակարարումը, ինչը հանգեցրել է մի շարք ավիաաղետների գրանցման: Սակայն Իրանը տվյալ դեպքերում գտել է խնդրի լուծման ուղիները՝ չգնալով հակամարտության:

Իրանական բանկերն այլևս չեն կարողանում իրականացնել գործարքներ, ռուս միջնորդները սառեցրել են աշխարհի լավագույն պիստակի, հիանալի բանջարեղենի, մրգերի և այլ ապրանքների արտահանումն Իրանից և մատակարումն Իրան: Սակայն դա նույնպես հիմք չի հանդիսացել Թեհրանի կողմից աղմուկ բարձրացնելու համար:

Դեռևս 1990-ական թվականներին իրանցի ուսանողները հաջողությամբ սովորում էին Իրանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող մասնագիտություններ: Ելցինի ժամանակ ԱՄՆ-ի թելադրանքն այնպիսին էր, որ մի շարք բուհեր վերացրին իրանցի ուսանողների համար ընդունելությունը: Տվյալ իրավիճակը պահպանվում է նաև այսօր, սակայն Իրանը լուծել է գիտական կադրեր նախապատրաստելու խնդիրը և դժգոհություններ չի ներկայացնում ռուսական կողմին:

Իրանում շատ լավ գիտեն Կովկասի մասին, թե՛ Հարավային, թե՛ Հյուսիսային, գիտեն ժողովուրդների մտածելակերպը, բարքերը, մշակութային բազմազանությունը: Իրանում հասկանում են կովկասյան բարդ խճանկարը: Իրանում հստակ տեսնում և վերլուծում են Կովկաս իսրայելական գործակալների ներթափանցման սխեմաները, նրանց ազդեցության ոլորտը և գործողությունների մեթոդները:

Իրանը չի միջամտում Ռուսաստանի գործերին և չի դատապարտում նրա գործողությունները. այդ սկզբունքը պահպանվել է Կովկասում բռնության բոլոր ալիքների ժամանակ՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից, Աբխազիայի ու Հարավային Օսիայի իրադարձություններից մինչև չեչենական երկու պատերազմնր և 2008 թվականի օգոստոսի վրացական պատերազմ:

Իրանը հետևում է Մեծ Կովկասի շրջանում իսրայելական հետախուզության ակտիվությանը, ռազմական համագործակցության աճին և այստեղ արևմտյան տարատեսակ կառույցների ներթափանցմանը: Իրանում կա նրա ըմբռնումը, թե ռուսական իշխանությունն ինչպիսի սխալներ է  թույլ տալիս Կովկասում և մուսուլմանների հանդեպ, սակայն նա չի արտահայտվում այդ մասին: Իրանը փնտրում է կոնսենսուս և ոչ թե դիմակայություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս