
Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ տալու մասին։ Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տուն։
«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի առաջնորդների ձերբակալման հրաման տալը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ ասել՝ ինչ էլ որ ՄՔԴ-ն ենթադրի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ոչ մի հավասարություն չկա, ոչ մի։ Մենք միշտ կկանգնենք Իսրայելի կողքին նրա անվտանգությանը սպառնալիքների դեմ», – ասել է Բայդենը։
Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններ է տվել 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Մի շարք երկրներ արձագանքել են ՄՔԴ-ի այս որոշմանը։