Իրանի հետ «վատ» գործարքը կարող է հանգեցնել պատերազմի. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կոչ է արել շարունակել Իրանի վրա «պատժամիջոցային» ճնշումը և չշտապել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրելու հարցում:
Նեթանյահուն զգուշացրել է, որ Իրանի հետ «վատ» գործարքը կարող է հանգեցնել պատերազմի: «Վատ» գործարքի տակ Նեթանյահուն հասկանում է, որ միջազգային պատժամիջոցների մեղմումը և միաժամանակ ուրան հարստացնելու Իրանի իրավունքի պահպանումը.
«Ճիշտ չէ, որ ասում են, թե գոյություն ունի իրանական հարցի լուծման երկու հնարավոր տարբերակ. վատ գործարք կամ պատերազմ: Կա նաև երրորդ տարբերակը՝ շարունակել պատժամիջոցների ճնշումը: Ես անգամ կասեի, որ վատ գործարքն անխուսափելիորեն կհանգեցնի երկրորդին, անցանկալի արդյունքին:
Անհրաժեշտություն չկա տուրք տալու համար իրանական թելադրանքին, ինչպես նաև չկան շտապելու պատճառներ: Իրանը տնտեսական կոշտ ճնշման տակ է, և առավելությունը նրանն է, ով գործադրում է այն: Կա հնարավորություն՝ լավ գործարք կնքելու համար, որը կապահովեր Իրանի ռազմա-միջուկային պոտենցիալի ապամոնտաժումը»: