«Էս ի՞նչ բյուջե է». Հրանտ Բագրատյանը՝ Դավիթ Սարգսյանին

2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց. «Էս ի՞նչ բյուջե է: Եկամուտներին վերաբերում է մեկ էջ, ՀՀ Սահմանադրությամբ` բյուջեն եկամուտներ ու ծախսեր են, բայց այս բյուջում չկա անգամ բացատրություն աճի վերաբերյալ, չկա ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ճյուղ առ ճյուղ ծախսերը ներկայացված չեն, չկա ըստ հարկատեսակների կանխատեսում»:

Հրանտ Բագրատյանը խնդրեց անդրադառնալ նաև վարչապետի հայտարարությանը, «Ինչո՞վ կարող եք բացատրել վարչապետի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսության աճը նվազել է, ինչպե՞ս եք դա ապացուցում: Դեֆիցիտը 1,6 տոկոսից, եթե հիշողությունս չի դավաճանում, բարձացրել եք 2,3 տոկոսի: Անցյալ տարի բյուջեն քննարկելիս ես ասացի 1,6 տոկոսից բարձրացրեք 2 տոկոսի` թոշակները բարձրացնելու հաշվին, էսօր ասում եք էն՝ ինչ ես ասում էի անցյալ տարի: Ձեր նախկին նախարարն ինձ ասաց՝ բա դա լիբերալի՞ խոսք է դեֆիցիտը բարձրացնելը: Վաչե Գաբրիելյանն էլ վկա։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ է փոխվել ձեզ մոտ, որ մեզ հետ քննարկմանն ասում եք ոչ, իսկ հետո բերում եք՝ մտցնում եք։ Սեփական գաղափարները չկա՞ն»:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց նաև, թե իրականում ծրագրային բյուջետավորում չկա, ապա ավելացրեց. «Դա բլեֆ է, դրանք խոսքեր են, փաստով չի ապացուցվում, բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի»։ Հրանտ Բագրատյանի հաջորդ հարցը Էներգետիկ ճգնաժամի պառճառով տնտեսական աճի դանդաղ տեմպի մասին էր. «Ասացեք խնդրեմ, միավոր պայմանական վառելիքը ինչքան է եղել 2012 թվականին և 2013-ին»:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ պատասխանեց, թե եկամուտների մասով դիտողությունը ճիշտ չէ և հավաստիացրեց, թե այն ամենևին էլ մեկ էջ չի կազմում, թեև չկարողացավ հիշել, թե որքան էջ է կազմում եկամուտների մասով հավելվածը: «Բայց հաստատ մեկ էջ չի, ես հիմա դժվարանում եմ ասել քանի էջ է, բայց հաստատ մեկ էջ չի: Հարկատեսակ առ հարկատեսակ կա այնտեղ, ուրիշ հարց է, որ ձևը կարող է լավը չլինել կամ ընդունելի չլինել: Կարող ենք նստել՝ առանձին ծախսատեսակները քննարկել»,- ասաց նախարարը:

Ընդմիջումից հետո, երբ նիստը շարունակվեց, նախարարն արդեն ճշտել էր եկամուտների էջերի քանակը: «Հարկային մասով կուզեի մի փոքր անդրադառնալ. հարկերն իսկապես մեկ էջում չեն նշված, 118-րդ էջում եկամուտների ամփոփումն է, 121-ից-128 էջերը բոլոր հարկատեսակներն են, կանխատեսումների բացվածքը»,-ասաց Դավիթ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի կանխատեսումներին, ապա ֆինանսների նախարարը նշեց, որ Կառավարությունը կիրառում է համապատասխան մեթոդաբանությունը: Դավիթ Սարգսյանը չհամաձայնեց Հրանտ Բագրատյանի այն դիտարկման հետ, թե բուջեն ամենևին էլ ծրագրային չէ.

«Այն, որ ասում եք ծրագրային բյուջե չկա` ճիշտն ասած ես կհամաձայնեի, եթե ասեիք, որ այն ինչ-որ ներկայացված է, գուցե ավելի լավ կարելի էր գրել կամ աշխատանքի տեղ կա, բայց թույլ տվեք չհամաձայնել, որ ծրագրային բյուջե՝ որպես այդպիսին, չկա»: Անդրադառնալով համաշխարհային տնտեսական աճի հետ կապված պատգամավորի հարցադրմանը` նախարարն ասաց, որ կարող է համապատասխան ցուցանիշներ ներկայացնել և հավելեց, որ Եվրամիության երկրներում կանխատեսվում է 0.4 % տնտեսական անկում:

Տեսանյութեր

Լրահոս