Փոխվարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ջերմուկ քաղաքում փոխվարչապետը ներկա գտնվեց համայնքային նշանակության մի շարք օբյեկտների վերաբացման արարողություններին: Քաղաքում վերանորոգումից հետո դռներն են բացել մանկապարտեզը, երաժշտական դպրոցն ու երիտասարդական կենտրոնը: Մանկապարտեզի ու երաժշտական դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին, նորոգվել են “Գեոթիմ” ընկերության միջոցներով` վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Այսուհետ մանկապարտեզի ավելի քան 60 և դպրոցի 140 սաները հնարավորություն կունենան հաճախել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված հաստատություններ: Երկու շենքերի հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել նախակրթարանների աջակցության պետական ծրագրի շրջանակում:

Փոխվարչապետը եղավ նաև Ջերմուկի նորաբաց երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շենքի նորոգման համար 19,2 մլն դրամ էր հատկացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով, մասնավոր ներդրումների շնորհիվ կենտրոնը կահավորվել է, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա: Հիմա արդեն քաղաքի երիտասարդությունը միջոցառումներ կազմակերպելու պայմաններ ունի, կենտրոնում կգործեն նաև անգլերենի և համակարգչային դասընթացներ, տարբեր խմբակներ:

Ա. Գևորգյանը գոհունակությամբ նշեց, որ պետական և մասնավոր ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել իրականություն դարձնել համայնքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերը: Նա հույս հայտնեց, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակվի և տեսանելի արդյունքներ կունենա քաղաքի բնակիչների համար:

Փոխվարչապետն այնուհետև այցելեց մարզի Զառիթափ, Խնձորուտ համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին և իրականացվող ծրագրերին: Զառիթափում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են, և բնակիչներն արդեն կարող են օգտվել երկնագույն վառելիքից: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից, 7 մլն դրամ հատկացվել էր չորրորդ հրատապ ծրագրով` համաֆինանսավորման նպատակով:

Խնձորուտ համայնքում Ա. Գևորգյանը հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Որպես սահմանամերձ համայնք` Խնձորուտն օգտվում է ՀՀ կառավարության 2013թ. N 271-Ն որոշմամբ նախատեսված արտոնություններից, ըստ որի պետության կողմից փոխհատուցվում է հողի հարկի գումարը և ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը: Բնակիչները գոհունակություն հայտնելով այդ որոշումից` միաժամանակ ներկայացրեցին առկա խնդիրները` հատկապես նշելով ոռոգման ջրի մատակարարման, գյուղտեխնիկայի բացակայության, 80-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցի շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին: Փոխվարչապետը խոստացավ հարցերը քննարկման առարկա դարձնել կառավարությունում, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց բնակչությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ: Նա նաև տեղեկացրեց, որ 4,5 մլն դրամ է հատկացվել` համայնքի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներնավարտելու նպատակով:

Փոխվարչապետն այցն ավարտեց Եղեգնաձոր համայնքում, որտեղ ներկա գտնվեց վերանորոգված Սպանդարյան փողոցի բացման արարողությանը: Պետական ծրագրերով ընդհանուր առմամբ 242 մլն դրամ է հատկացվել մոտ 1,4 կմ ճանապարհի ասֆալտապատման և բարեկարգման համար: Ճանապարհը երբևէ ասֆալտապատ չի եղել, ինչը լուրջ դժվարություն էր առաջացնում բնակիչների համար: Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել և բարեկարգվել է 3 կմ ճանապարհ, որի համար պետական ծրագրերով հատկացվել է շուրջ 450 մլն դրամ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս