Չինաստանը չի թուլացրել ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսությունը. զեկույց
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ որևէ արդյունքի չեն հանգեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերը՝ կապված Չինաստանի կառավարությանը համոզելու հետ, որ վերջինս դադարեցնի ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսությունը:
Չինաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ձեռնարկել ամերիկյան արդյունաբերական ու ֆինանսական ընկերութունների տեղեկատվական համակարգերի մեջ ներթափանցելու համար՝ կոմերցիոն գաղտնիքներին տիրանալու համար:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հարաբերությունների գծով Տնտեսական ու անվտանգության հարցերով հանձնաժողովի տարեկան զեկույցում, որը պատրաստվում է Կոնգրեսի համար: Զեկույցում ընդգծվում է, որ չկա մեկ ցուցիչ, որ Չինաստանն այս տարի թուլացրել է կիբեր լրտեսությունը՝ ԱՄՆ-ի տնտեսական ու առևտրային տեղեկատվության հափշտակման նպատակով:
Նշվում է, որ գրանցվել են ավելի քան 140 ամերիկյան ընկերությունների տեղեկատվական համակարգեր ապօրինի ներթափանցելու փորձեր, որոնք իրականացրել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի թիվ 61398 հատուկ ստորաբաժանումը, որը բազավորված է Շանհայում: