«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Այսօր կլրանար «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանի 60-ամյակը:

1999թ. օգոստոսին անսպասելի կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը:

Նա, 1991-1995թթ ղեկավարելով իշխող ՀՀՇ կուսակցության ԱԺ ֆրակցիան և մինչև 1997թ սեպտեմբերի 10-ը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը, իր մեծագույն ներդրումն է ունեցել օրենսդրական դաշտի և պետական ինստիտուտների ձևավորման գործում, մասնավորապես`1990թ Անկախության հռչակագրի և 1995թ ՀՀ Սահմանադրության մշակման ու ընդունման մեջ:

Ժողովրդավարության, ընտրական համակարգի, ազատ ձեռներեցության զբաղվելու և հովանավորչության հարցերում, իշխող վերնախավի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ` 1996թ-ից, ստիպված էր 1997թ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում մի խումբ գործընկերների հետ ձևավորել <<Հայրենիք>> պատգամավորական խումբը, իսկ 1998թ հիմնադրել <<Ժողովրդավարական Հայրենիք>> կուսակցությունը` նպատակ ունենալով երկրում իրական ժողովրդավարության և մոնոպոլիաների թելադրանքից զերծ ազատ տնտեսական հարաբերությունների հաստատմանը:

Այս նպատակի համար նա մինչև իր կյանքի վերջին օրը համառությամբ ու վճռականությամբ պայքարեց Հայաստանում ուժի և փողի իշխանության հաստատման դեմ, ինչը շատ դեպքում հավասարակշռությունից հանում էր իշխող վերնախավին, այդ իսկ պատճառով առ այսօր նրան չեն կարող ներել թե’ նախկին գործընկերները, թե’ իշխող վարչախումբը: Պատահական չէ, որ այսօր պետական մակարդակով չի նշվում Էդուարդ Եգորյանի հոբելյանը, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մեր պետականությունը, ցավոք, ձևախեղված է և երբեք շուտ չէ իրական ժողովրդավարական Հայաստանի կերտմանը ձեռնամուխ լինելուն:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ
05.11.2013թ

Տեսանյութեր

Լրահոս