Վիլնյուսի գագաթաժողովը պատմական հնարավորություն է Վրաստանի համար. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը: Լրագրողների հետ զրույցում Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մինչ այդ Վրաստանը պետք է կատարի բավական բարդ աշխատանք:
Մարգվելաշվիլիի խոսքերով՝ Վիլնյուսյան գագաթաժողովի օրակարգը պատմական հնարավորություն է հանդիսանում Վրաստանի համար, քանի որ այն հաստատում է երկրի եվրոպական ուղղվածությունը:
Նա մեծապես կարևորել է ԵՄ-ի հետ ազատ առևտրի ու վիզային ռեժիմի մասին պայմանագիր կնքելը՝ հավելելով, որ Վրաստանը կարողացել է վերջին մեկ տարում լուրջ քայլեր կատարել ժողովրդավարության ուղղությամբ, ինչն առնչվում է նաև աննախադեպ ընտրություններ անցկացնելուն:
Վրաստանը մտադիր է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր: