Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
«Մեծարգո պարոն Նախագահ,
2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել:
Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել:
Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել. 2009 և 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը և անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը:
Սպանությունից հետո` 2013թ. գյուղապետի ընտրությունների ժամանակ, իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսևորեցին. օգտագործվեցին վարչական և ֆինանսական լծակները, հստակ ուղղորդվեցին զինծառայողները, և պատճառահետևանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման և նրա հակառակորդների` ամեն գնով իշխանության հասնելու միջեւ: Սրանով ամպրապնդվեց նախկին եւ վերջին հանցագործությունների փոխկապակցվածությունը: Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը:
Պարոն Նախագահ,
պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը:
Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է:
«Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական շարժում