Բաժանորդների հաշվին ջրագի՞ծ են կառուցում
Սեպտեմբերի 28-ին տպագրված «Երևան ջուրը» սպառողներին այսուհետ պետք է տեղեկացնի՝ զգուշացեք մեր ընկերությունից» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 45 հասցեի բնակիչների դժգոհությունը՝ կապված վերոնշյալ ընկերության, վարչական շրջանի և քաղաքապետարանի գործունեության հետ:
Հիշեցնենք, որ «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները տարածքի բնակիչներին առաջարկել էին մեկնարկել խմելու ջրի խողովակաշարի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ՝ պետք է խմելու ջրի որակը բարձրացվեր, իսկ վարչական շրջանի ներկայացուցիչներն էլ խոստացել էին ամբողջ շինաշխատանքների ավարտից հետո տարածքն ասֆալտապատել: Բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցրել էին. «Մեզ ասացին, որ խողովակաշարի գումարը մենք պիտի հավաքենք, իսկ մյուս աշխատանքներն իրենք պետք է կազմակերպեն»:
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած նախնական պայմանավորվածությանը հաջորդել է «Երևան ջուր» ընկերության կողմից հաջորդ առավոտյան արդեն ամբողջ բակի երկայնքով հսկայական քանդման աշխատանքների մեկնարկումը: Ինչևէ, քանդման աշխատանքներն ավարտելուց հետո ընկերության աշխատակիցները հեռացել էին, և այլևս չեն վերադարձել տարածք գրեթե 25 օր, որի ընթացքում որոշ բնակիչներ ոչ միայն ջրազրկված են եղել, այլև հսկայական փոսի պատճառով գտնվել են խիստ վտանգավոր իրավիճակներում, քանի որ մանկահասակ երեխաները տեղաշարժվելու հնարավորություն չեն ունեցել` բակում առկա խոր փոսերի պատճառով: 25 օր շարունակ ահազանգելով «Երևան ջուր» ընկերություն, վարչական շրջանի և Քաղաքապետարանի համապատասխան բաժիններ՝ վերջիններիս դժգոհությունը մնացել էր անարձագանք, ինչի պատճառով բնակիչներն արդեն դիմում էին լրատվամիջոցներին: Մեր թերթի հրապարակման հաջորդ, այն էլ՝ ոչ աշխատանքային` կիրակի օրը տարածքում անմիջապես հայտնվել էին «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները՝ շարունակելով 25 օր անտերության մատնած` իրենց իսկ նախաձեռնած աշխատանքները:
Չնայած դրան, ինչպես խոստացել էինք՝ ամբողջ այս ընթացքում փորձել ենք հետևողականորեն պարզել, թե ի՞նչ միտումով էին բնակիչներին ներքաշել այս խաբեության մեջ:
Նախ` սկսենք նրանից, որ հրապարակումից անմիջապես հետո «Երևան ջրի» Շենգավիթի սպասարկման տեղամասայինի պետը մեզ հետ զրույցում պնդում էր, որ Շիրակի 45 հասցեի քանդման աշխատանքների նախաձեռնողն իրենք չեն եղել, այլ՝ բնակիչներն իրենք են դիմել վարչական շրջանի համապատասխան բաժին՝ խմելու ջրի խողովակաշարը փոխելու աշխատանքներ կատարելու համար: Այնուհետև վարչական շրջանի Կոմունալ բաժնի պետն, ընդառաջելով բնակիչների դիմումին, միջնորդել է, որ «Երևան ջուրը» տրամադրի էքսկավատոր, բանվորներ` քանդման աշխատանքների համար: Մինչդեռ բնակիչները հակադարձելով` պնդում են, որ իրենք չեն դիմել որևէ մեկին և աշխատանքների նախաձեռնողն իրենք չեն, ավելին՝ նման մեկնաբանություն հնչեցնողներից պահանջել են այն դիմումը, որի հիման վրա թաղապետարանը բնակիչներին ընդառաջել է: Ինչպեսև սպասվում էր՝ դիմում գոյություն չունի:
Այսպիսով, մեր բազմաթիվ հեռախոսազանգերին ի պատասխան՝ «Երևան ջրից» պատասխանել են, թե՝ աշխատանքների համար պատասխանատու է վարչական շրջանի համապատասխան բաժինը, իսկ Շենգավիթի Կոմունալ բաժնից, ի պատասխան՝ վստահեցնում էին, թե` «Երևան ջուրը»: Ավելին, հրապարակումից անմիջապես հետո «Երևան ջրի» Շենգավիթի տեղամասային բաժնի պետը մեզ սպառնում էր, որ շուտով «Երևան ջրի» Հասարակայնության հետ կապերի բաժնից հերքման տեքստ ենք ստանալու, քանի որ «Երևան ջուրը» Շիրակի 45 հասցեում աշխատանքներ կատարելու նախաձեռնողը չի եղել, այլ ընդամենը լավություն է արել` տրամադրելով տեխնիկա:
Քանի որ հերքման տեքստն այդպես էլ մնաց օդում կախված, մենք անձամբ կապվեցինք «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ՝ պահանջելով մեկնաբանություն, թե, այնուամենայնիվ, ի՞նչ նպատակներով են բնակիչներին կանգնեցրել նման տհաճ փաստի առաջ, և ո՞վ է պատասխանատու այդ իրավիճակի համար: Մ. Սարգսյանն, ինչպեսև սպասվում էր, սկզբում պնդում էր, որ «Երևան ջուրը» ոչ մի առնչություն չունի այդ աշխատանքների հետ, քանի որ դա թաղապետարանի նախաձեռնությունն է:
Մենք ստիպված եղանք բազմիցս կրկնելու, որ թաղապետարանը` որպես այս աշխատանքների նախաձեռնող, մատնանշում է իրենց ընկերությանը: Մ. Սարգսյանը խոստացավ կապվել նրանց հետ և պարզաբանել իրավիճակը, որից հետո նաև խոստացավ իր ներկայությամբ հանդիպում կազմակերպել թաղապետարանի ներկայացուցչի հետ` վերջապես ճշմարտության վրա լույս սփռելու համար: Սակայն հետագայում այդ խոստումից ևս հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե թաղապետարանի ներկայացուցիչը շատ զբաղված է:
Այն, որ մի ամբողջ թաղամասի խաբեության միջոցով կարող են 25 օր ջրազրկել, քանդման աշխատանքները կատարելուց հետո հեռանալ և առանց պատասխանատվության զգացումի այդ բնակիչներին թողնել նման տհաճ իրավիճակում՝ մեր երկրում, կարծես թե, օրինաչափություն է դարձել: Բնականաբար, թերթում այս խնդրին անդրադառնալուց հետո «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները հայտնվեցին այնտեղ, որտեղ պարտավոր էին լինել քանդման աշխատանքների հաջորդ օրը:
Սակայն այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ հրապարակման հաջորդ օրն այդ թաղամաս են այցելել թաղապետարանի, քաղաքապետարանի և «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները, և տեղանքն ուսումնասիրելուց հետո ներկա գտնվողներից մեկը նայելով խողովակաշարին՝ անզգույշ արտահայտություն է արել՝ ասելով՝ «Բա սա տենդեր շահածի գո՞րծ է»:
Այսպիսով, եթե մինչ այս Շենգավիթ վարչական շրջանից ուղղորդում էին «Երևան ջուր» ընկերություն, իսկ «Երևան ջուրն» էլ՝ վարչական շրջան, ապա, կարելի է ենթադրել, որ այս աշխատանքների համար կա շահող կազմակերպություն, որը, սակայն, ամբողջ այդ թաղամասի խմելու ջրի խողովակաշարը փոխելու, ջրաչափերի տեղափոխման և ջրամատակարարման այլ հարցերի աշխատանքները կատարում է խաբեությամբ՝ մատնանշելով այն վարկածը, թե բնակիչներն են դիմել վարչական շրջան:
Բոլորովին նոր վարկած` «Երևան ջրից»
Ստորև ներկայացնում ենք «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի պատասխանը, ով, ի դեպ, պնդում էր, որ այդ թաղամասի աշխատանքների նախաձեռնողը «Երևան ջուրը» չէ, և, որպեսզի մենք անընդհատ իրեն չզանգահարենք և մեկնաբանություն խնդրենք, մանավանդ, որ ինքն էլ, ինչպես նկատվում էր, անհարմար իրավիճակում է հայտնվում՝ խոստացավ պաշտոնական գրությամբ պատասխանել:
«Ի պատասխան «168 Ժամ» պարբերականի հրապարակման` «Երևան ջուրը» սպառողներին այսուհետ պետք է տեղեկացնի` զգուշացեք մեր ընկերությունից, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Շիրակի 45` Օժանդակ տնտեսություն հասցեում բնակվող շուրջ 35 ընտանիքի ջրամատակարարումն իրականացվում է նրանց իսկ կողմից տասնամյակներ առաջ Շիրակի փողոցով անցնող հիմնական ջրագծից ապօրինաբար, առանց պահանջվող «Տեխնիկական պայմանի» կառուցված անհատական ջրագծերից: Տեղի բնակիչները հաշվառվել են որպես փաստացի ջրասպառողներ և ջրաչափեր տեղադրել միայն վերջին տարիներին` սպառածի դիմաց օրինական հիմունքներով վարձավճար գանձելու նպատակով:
Ներկայումս նշված ջրագծերը գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը ջրի զգալի կորստի պատճառ է հանդիսանում, ինչպես նաև վտանգում թե իրենց, թե Շիրակի փողոցի ջրատարից սնվող մյուս սպառողների ջրի որակը: Ըստ գործող օրենսդրության, նման դեպքերում ջրամատակարար կազմակերպությունը ուղղակի պարտավոր է խցափակել տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող ջրագծերը, մինչև բաժանորդների կողմից խնդրի լուծումը:
Մեր ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մոտ 2 ամիս առաջ պաշտոնապես ծանուցել է բնակիչներին, որ նախատեսվում է կառուցել Շիրակի փողոցը հատող նոր ջրագիծ` կամրջի կողքին տեղակայված բաժանարար հորով: Բնակիչները պետք է իրենց սեփականություն հանդիսացող անհատական ջրագծերը միացնեին նշված բաժանարար հորից, որտեղ և վերատեղադրվելու էին ջրաչափերը, ջրի հաշվառման բարելավման նպատակով:
Դրանից մոտ 10 օր հետո Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (պրն Ֆրունզ Բասենցյան) կողմից նշված տարածքը սպասարկող շահագործման տեղամասի ղեկավարին է փոխանցվել բնակչության առաջարկը. այն է` ջրամիացումները վերը նշված բաժանարար հորում կատարելու փոխարեն, տարածքում կառուցել բաշխիչ ջրագիծ և ջրաչափերը տեղադրել տների դիմաց բաժանորդների կողմից կառուցվելիք հորերում: Ընկերությունից միայն խնդրվել է աշխատանքների իրականացման համար օգնության կարգով բնակիչներին տրամադրել էքսկավատոր: «Երևան Ջուր» ՓԲԸ-ն թե մեկ, թե մյուս հարցում ընդառաջ է գնացել բնակիչներին:
«168 Ժամ» պարբերականի հրապարակման հետքերով հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, տեղում եղել են Շենգավիթ վարչական շրջանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մեր ընկերության ներկայացուցիչները և պարզել, որ բնակիչների կողմից կազմակերպված հողային աշխատանքների ժամանակ 5-6 ջրագիծ էքսկավատորը անզգուշաբար վնասել է, ինչը հանգեցրել է դրանցից սնվող տների ջրազրկմանը: Տեղի ունեցածն անշուշտ ցավալի պատահար է, բայց ոչ արտառոց դեպք, եթե հաշվի առնենք, որ ջրագծերը բնակիչների կողմից կառուցվել են տարերայնորեն, առանց տեխնիկական պահանջների պահպանման: Իսկ որ ամենակարևորն է` ընկերության գործողություններում չի հայտնաբերվել որևէ քայլ, որը կհակասեր գործող օրենսդրությանն ու Վարձակալության պայմանագրի պահանջներին: Մեր ընկերությունը չի հանդիսանում տարվող աշխատանքների համակարգողը և չի կրում պատասխանատվություն բնակիչների կողմից սեփական ջրագծերի կառուցման համար:
Այնուամենայնիվ, վերոհիշյալ աշխատանքային խումբը, լսելով բնակիչների բողոքներն ու խնդրանքները, որոշեց հաջորդ մի քանի օրերին աջակցել նրանց մասնագետներով (բայց ոչ ավելին)` ջրամիացումների և ջրաչափերի տեղադրման գործում, իսկ ընկերությունը նաև ընդառաջեց բնակիչներին ժամկետանց և վերատեղադրվող ջրաչափերը անվարձահատույց (1500 դրամի փոխարեն) ստուգաչափելու հարցում:
Ջրաչափերի ստուգաչափման և ջրագծերի վերամիացման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են, և դրանց արագացումը, հետևաբար` ջրամատակարարման վերականգնման ժամկետը կախված է առաջին հերթին` բնակիչների շահագրգռվածությունից և նախաձեռնությունից, ինչպես նաև նրանց հետ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համագործակցությունից: Մեր խնդիրը աջակցելն է նշված կողմերին, ինչը և կատարվում է` համաձայն գործող օրենսդրության:
Հարգանքով` «Երևան Ջուր» ՓԲԸ»:
Եթե «Երևան ջուրը» խողովակաշար տեղադրելու և նոր ջրագիծ կառուցելու ծրագրերն իրականացնում է բաժանորդների հաշվին, ապա մնում է միայն արձանագրել, որ այդ ընկերության ամբողջ գործունեությունը միայն մեր քաղաքացիների վրա ջուր «ծախելն» է, իսկ ջրագծերի նորոգման և նոր ջրագծեր կառուցելու ծառայություններն իրականացվում են կրկին բաժանորդների հաշվին, այն էլ՝ նման մութ պատմությունների արդյունքում: Ի դեպ, այս ընկերության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է լինում տասնյակներով փաստաթղթեր և տեղեկանքներ ներկայացնել և ամիսներ շարունակ ընկերության այս բաժնից այն բաժնի դուռը թակելով` վերականգնել իր իրավունքը: Բայց, հետաքրքիրն այն է, որ ամբողջ մի թաղամասի` առանց որևէ փաստաթղթի, նախազգուշացման կամ բնակիչների համաձայնության, կարող են կանգնեցնել նման իրավիճակի առաջ, անգամ` առանց պատշաճ իրազեկելու, թե տարածքում ինչ են պատրաստվում անել բնակիչների հաշվին:
Այնուամենայնիվ, քանի դեռ աշխատանքները շարունակվում են, մենք կրկին փորձելու ենք հետևել իրադարձություններին և, մասնավորապես, առաջիկայում Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան բաժնի պետից հարցազրույց ենք խնդրելու՝ այս գործընթացի մանրամասները ներկայացնելու համար: Իսկ, որ ամենակարևորն է՝ փորձելու ենք նաև գտնել տենդեր շահողին:
«168 ԺԱՄ»






