Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ն ընդունել է, որ «Կանխատեսում» ՀԿ-ն օրենք է խախտել՝ քվեարկության ժամանակ հրապարակելով exit-poll-ի արդյունքները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Կանխատեսում» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն այսօր կեսօրին ներկայացրել է նախագահական ընտրությունների exit-poll-ի (ընտրատեղամասի ելքի մոտ հարցում) միջանկյալ արդյունքները:

Այդ հասարակական կազմակերպության տվյալներով՝ ժամը 10.30-ի դրությամբ թեկնածուներից Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 92.15 տոկոսը, իսկ երկրորդ տեղում է ընդդիմադիր Ջամիլ Հասանլին՝ 6.06 տոկոս:

Դրա հետ կապված՝ Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գործադիր քարտուղար Բաշիր Սուլեյմանլին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ հարցման արդյունքների հրապարակումը օրենքի լուրջ խախտում է:

Նա հավելել է, որ բոլոր exit-poll-երը վստահություն չեն ներշչում, քանի որ անցկացվում են կառավարամետ կառույցների կամ էլ նրանց արտասահմանյան գործընկերների կողմից, իսկ անկախ կառույցներին մերժել են այդպիսի հարցումներ անցկացնելու հարցում:

Ադրբեջանի ԿԸՀ-ն իր հերթին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ exit-poll-ի տվյալների հրապարակումը չի համապատասխանում ընտրական օրենսդրությանը: ԿԸՀ-ի ներկայացուցիչն ընդունել է, որ քվեարկության ժամանակ նման տեղեկատվության տարածումն ապօրինի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս