Չինաստանն Արևմուտքին կոչ է արել չքաղաքականացնել հակահրթիռային համակարգերի թուրքական մրցույթի արդյունքները
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շահագրգիռ կողմերին կոչ է արել օբյեկտիվորեն և խելամտորեն վերաբերվել Չինաստանի ու Թուրքիայի ռազմա-առևտրային համագործակցությանը և հրաժարվել սովորական կոմերցիոն մրցակցությունը քաղաքականացնելուց:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ամերիկյան կողմը վախենում է ռազմական գաղտնիքների հրապարակումից և հանդես է գալիս Թուրքիայի կառավարության կողմից չինական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու դեմ՝ Չունինն ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունը մշտապես զգուշորեն ու պատասխանատվությամբ է զարգացնում այլ երկրների հետ իր ռազմա-առևտրային համագործակցությունը:
Դիվանագետը հավելել է, որ ռազմարդյունաբերական արտադրանք արտահանելիս Չինաստանն առաջնորդվում է այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են տարածաշրջանի և համայն աշխարհի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը վնաս չպատճառելը, ինչպես նաև գնորդ երկրի ներքին գործերին չմիջամտելը:
Հոկտեմբերի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգություն էր հայտնել չինական ընկերության հետ զենիթա-հրթիռային համալիրների համատեղ արտադրության մասին Թուրքիայի որոշման կապակցությամբ.
«Մեզ համար կարևոր է, որ որոշակի երկրի ձեռք բերած համակարգը պետք է ի վիճակի լինի փոխգործակցել մյուս երկրների համակարգերի հետ: Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կհամապատասխանի դրան: Թուրքիան դեռ չի կայացրել վերջնական որոշում և ցայժմ բանակցում է նոր համակարգի շուրջ»: