Բաժիններ՝

Ամուլսար. Սոցիալական ծրագրերն ընկալվո՞ւմ են՝ որպես կաշառաք

Այս տարի հուլիսին Ջերմուկ քաղաքում մեկնարկել է 2 նոր սոցիալական ծրագիր` վերանորոգվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի և երաժշտական դպրոցի շենքերը:

Աշխատանքներն իրականացվում են «Գեոթիմ» ընկերության աջակցությամբ, որը շուրջ 100 մլն դրամ է հատկացրել այդ նպատակով:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «168 Ժամի» հետ զրույցում կարևորեց այս երկու ծրագրերի իրականացումը. «Մենք մանկապարտեզի նոր խումբ պետք է բացեինք, բայց շենքը լավ վիճակում չէր: Մանկապարտեզի մի թևը համայնքն էր վերանորոգել, մյուսը` խնդիր կար, մարդիկ ձեռք մեկնեցին: Այժմ երեխաների 2 խումբ կավելանա, մոտ 60 երեխա մանկապարտեզ կհաճախի: Երաժշտական դպրոցն ամբողջովին վերանորոգվել է, գույքն ու գործիքները` թարմացվել: 140-180 երեխա էլ այս դպրոց կհաճախի: Բյուջեի միջոցները շատ սուղ էին, չէինք կարողանում ծրագիրն իրականացնել»:

«Գեոթիմ» ՓԲ ընկերությունը, որն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, նաև իրականացնում է Ջերմուկի ավագ դպրոցում վարժահամալիր ստեղծելու նախագիծը, այստեղ բացօթյա սպորտային համալիր է ստեղծվել:

Կարդացեք նաև

2007-ից ի վեր, հանքավայրում որոնողահետազոտական աշխատանքներին զուգընթաց, ընկերությունը սոցիալական ծրագրեր է սկսել Ամուլսարի անմիջական հարևանությամբ գտնվող և ՀՀ կառավարության կողմից ազդակիր համայնքներ ճանաչված Գնդևազ, Սարավան (Վայոց Ձոր) և Գորայք (Սյունիք) համայնքներում, իրականացրել է դրանց զարգացման 15 ծրագիր: Օրինակ` Գորայքում վերանորոգվել են ներհամայնքային ճանապարհը և դպրոցը, հիմնանորոգվել են գրադարանը և համայնքային կենտրոնը, գյուղատնտեսական զարգացման ծրագրում ներառվել են 50 ընտանիքներ, պիլոտային ծրագրով հիմնվել են 2 ջերմատներ, դեպի Սարավան գազամատակարարման խողովակաշար է կառուցվել, վերանորոգվել են ոռոգման խողովակները, Գնդեվազում վերանորոգվել է մանկապարտեզը, աջակցություն է ցուցաբերվում պարի համույթին, համայնքների երեխաները մեկնում են ամառային ճամբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ստեղծվել է ֆուտբոլային ակումբ:

Nara_Ghazaryan«Ընկերությունն ուզում է երկարաժամկետ դրական ազդեցություն թողնել և նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը: Այժմ ֆիլանտրոպիկ ծրագրերից անցում ենք կատարելու սոցիալական ազդեցության մեղմացման և զարգացման ծրագրերի»,- ասաց «Գեոթիմի» սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Ղազարյանը:
2012-ից որոշվել է ծրագրերն ավելի ուղղորդված անել` ելնելով համայնքների կարիքներից, ընկերության ուսումնասիրություններից, և որոշակի բնագավառներում` ուսումնական բաղադրիչով: Օրինակ` առողջության պահպանման ծրագրում բուժօգնության տրամադրման հետ միաժամանակ` ուսուցանվում է համայնքներում տարածված տարբեր հիվանդությունների մասին, բարձրացվում է բնակիչների իրազեկվածությունը:

«Գյուղատնտեսական ծրագրով պարտադիր բոլոր շահառուներին ոչ միայն գործիքներ ենք տալիս, այլև ուսուցանում ենք, թե ինչպես դրանք օգտագործել և բարձր եկամուտ ստանալ: Համայնքների բուժկետերը ժամանակակից սարքավորումներ չունեին, Ջերմուկին շտապօգնության մեքենա էինք նվիրել, Գորայքին` ցենտրիֆուգա և սոնոգրաֆ: Հիմա նախատեսում ենք ընդլայնել ծրագրերը և ավելի շատ շահառուների հետ աշխատել»,- նշեց Ն.Ղազարյանը:

Նրա խոսքով` մինչև հիմա 4 համայնքներում տարեկան 350-450 հազար դոլարի ներդրումներ են արվել: Ըստ Ղազարյանի` համայնքների հետ առավել սերտ կապ պահպանելու համար ստեղծվել են համայնքային կապերի հանձնաժողովներ, որոնցում ընդգրկված են տվյալ համայնքը ներկայացնող մարդիկ` առողջապահության ներկայացուցիչ, դպրոցի տնօրեն, անհատ գործարար, և այլն, հավասար թվով կանայք և տղամարդիկ, որպեսզի պահանջների բալանսն ապահովվի. «Սա մեխանիզմ է, որը թույլ է տալիս անընդհատ կապ ունենալ համայնքների հետ, ներկայացնել գյուղերի կարիքներն ու բնակիչների մտահոգությունները: Եթե դժգոհություն կա, ապա դա կապված է մեր ծրագրերին չմասնակցելու հետ, բայց, ցավոք, բոլորին չենք կարող ընդգրկել, կան որոշակի ֆինանսական սահմանափակումներ: Իհարկե, շատ դեպքերում կախված է նաև բնակիչների ակտիվությունից և ծրագրերին մասնակցելու համար տարբեր չափանիշներին համապատասխանելուց: Մարդիկ կան, որ մի քանի ծրագրերի շահառու են, աշխատում են «Գեոթիմում», երեխան էլ ուսանող է, որի ուսման վարձը «Գեոթիմն» է հոգում: Ընդհանուր 12 ուսանող ունենք համայնքներից, որոնք լեռնամետալուրգիա կամ երկրաբանություն են ուսանում»:

Amulsar (2)

Ն.Ղազարյանը չհամաձայնեց տեսակետի հետ, որ համայնքներում իրականացվող ծրագրերը կարելի է անուղղակի կաշառք համարել, որ դա արվում է համայնքների բնակիչների մոտ «Գեոթիմի» հանդեպ դրական տրամադրվածություն ստեղծելու համար, որպեսզի հանքի շահագործմանը դեմ արտահայտվողներ չլինեն. «Մենք թիրախ չենք ընտրել ՏԻՄ-երին, որ կաշառենք ու գնենք: Մենք իսկապես աշխատում ենք սոցիալական տարբեր խմբերի հետ: Մինչ հիմա ես նման կարծիք կամ բողոք չեմ լսել: Ամեն համայնքում գանգատների տուփ կա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ազատ նամակ գցել, ու 95 %-ը շնորհակալություն է հայտնում աշխատատեղերի ստեղծման ու սոցիալական ծրագրերի համար:

Հաճախ գրում են, որ` այդ աշխատանքներով կանխում ենք ընտանիքների քայքայումը, քանի որ, գյուղատնտեսությունից բացի, այլ զբաղվածություն չկա, ու աշխատանքային միգրացիան մեծ է եղել: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը միջազգային չափանիշներով աշխատող ընկերության համար աշխատաոճի պարտադիր մաս են: Դա նաև ընկերության հեղինակության համար նշանակություն ունի: Դրանք իրականացվում են համայնքների զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ դերակատարում ունենալու համար»:

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց ընկերության իրականացրած սոցիալական ծրագրերը. «Բավականին աշխատանքներ կատարվել են, բայց էլի կարող էին անել, ուղղակի այս տարի մի քիչ պասիվացրել են: Որոշ խնդիրներ կան ծրագրի հետաձգումների պատճառով, կկարգավորվի»: Ինչ վերաբերում է սոցծրագրերը որպես «կաշառք» ընկալելուն, ապա, ըստ գյուղապետի` «Նրանք անհատական չեն աշխատում, որ դա կաշառք դիտվի, ընդհանուր գյուղի համար են անում: Եթե դա կաշառք ենք գնահատում, ապա պետբյուջեի կողմից մեր համայնքում ասֆալտ է արվել, դա՞ էլ գնահատենք` որպես կաշառք»:

Գորայք համայնքի գյուղապետ Առուստամ Առուստամյանի գնահատականով` ներկայում ամեն ինչ շատ նորմալ է: Նա հույս հայտնեց, որ հանքի շահագործումը սկսվելուց հետո ավելի լավ կլինի, և ծրագրերը կշատանան:
Սարավանի գյուղապետ Սիմոն Բաբայանի կարծիքով ևս` հանքի աշխատելուց հետո դրական փոփոխություններ կլինեն. «Ծրագրեր կան` դպրոցի հետ կապված, և այլ, որ պետք է արվեին այս տարի, բայց առայժմ հետաձգվել են: Հավանաբար եկող տարի կշարունակվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս