Վրաստանում հիմնվել է 6 միլիարդ դոլար կապիտալով Մասնավոր ներդրումների հիմնադրամ
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հայտարարել է Մասնավոր ներդրումների հիմնադրամի ստեղծման մասին, որի կապիտալը կազմել է 6 միլիարդ դոլար: Այդ գումարից մեկ միլիարդ դոլարը ներդրել է անձամբ Իվանիշվիլին, որի կարողությունը Forbes-ի գնահատմամբ այս տարի կազմել է 5.3 միլիարդ դոլար:
Մնացյալ գումարը ներդրել են վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգները, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը, ղազախ գործարար Ալեքսանդր Մաշկևիչը, Milestone International Holdings Group Limited-ը և մի շարք այլ ընկերություններ:
Պլանավորված է հիմնադրամի միջոցով ներդրումներ անել էներգետիկային, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, լոգիստիկային ու գյուղատնտեսությանն առնչվող նախագծերում: Ընդ որում, առաջնահերթ է համարվելու էներգետիկան, որին բաժին է ընկնելու հավաքված միջոցների մոտ կեսը: