Սուրենյանցը կկալանավորվի
Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցի գործով այսօրվա նիստում մեղադրողը միջնորդեց Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը փոխել կալանքի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սուրենյանցը այսօր ևս չէր ներկայացել իր գործով դատական նիստին և դատարանը, մինչ նիստը սկսելը՝ այն սկսվեց 40 րոպե ուշացումով, փորձել է պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է և կաթիլային ներարկում է ստանում:
Նախորդ նիստին Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն պարզվել էր, որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին հայտնի հասցեում նման մարդ չի բնակվում: Այսօր ևս դատարանը փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս, դատարանին հավաստիացրել է, որ Նորքի զանգվածում բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չի նշել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորելու մասին որոշում կայացնելու: