Իրանը պատրաստ է միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության. Հասան Ռոուհանի

Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակած իր հոդվածում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է, որ Իրանը պատրաստ է միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության. «Ես մտադիր եմ կատարել իմ համաքաղաքացիներին տված նախընտրական խոստումներս՝ ներառյալ աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության գնալը:

Մեկնելով Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին՝ ես կոչ եմ անում (այլ երկրների) իմ գործընկերներին օգտվել բարեպատեհ հնարավորությունից, որն ընձեռել են ոչ վաղ անցյալում Իրանում անցկացված ընտրությունները: Ժամանակակից աշխարհում տեղ չկա «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտածելակերպի համար:

Առանց մյուսների շահերը հաշվի առնելու՝ սեփական շահերի ապահովումը հակասում է առողջ մտածելակերպին: Ոմանց անվտանգությունը ձեռք է բերվում մյուսների անպաշտպանության հաշվին, ինչն ունենում է աղետալի հետևանքներ: Այդ մասին են վկայում Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի օրինակները:

Քաղաքակրթությունների մարգարիտ Սիրիան վերածվել է սիրտը կտոր-կտոր անող բռնությունների, այդ թվում նաև քիմիական զենքի կիրառմամբ հարձակումների արենայի, ինչը մենք դատապարտում ենք: Իրաքում ամերիկացիների գլխավորած ներխուժումից 10 տարի անց ամեն օր զոհվում են տասնյակ մարդիկ: Նմանատիպ արյունահեղությունից տուժում է Աֆղանստանը:

Միակողմանի մոտեցումը, որը հայտնի է որպես «կոշտ ուժ» և ծնում է բռնություն, ակնհայտորեն ի վիճակի չէ լուծել այն խնդիրները (ահաբեկչություն ու ծայրահեղականություն), որոնց հետ բախվում ենք մենք բոլորս»:

Տեսանյութեր

Լրահոս