«Հայաստանը երբեք չի կատարելու ազգային պետական, կենսական շահերին դեմ գնացող որևէ քայլ»

Հայաստանի բարձրագույն իշխանության բոլոր հայտարարությունները եղել են հավասարկշռված, չեն եղել միակողմանի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր ասաց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` ի պատասխան այն հարցին, թե ՀՀ իշխանությունները ե՞րբ հասկացան, որ Մաքսային միությանը անդամագրվելը ՀՀ շահերից է բխում:

Արտակ Զաքարյանի խոսքով` իշխանությունները չլինելով միակողմանի,  իրենց հայտարարություններում միշտ հստակ ընդգծել են եղել հայ-ռուսական համագործակցության անհրաժեշտությունը, սկզբունքը, որ Հայաստանը երբեք չի կատարելու ազգային պետական, կենսական շահերին դեմ գնացող որևէ քայլ:

«Երբեք մենք չենք բացառել Մաքսային միությանն անդամագրվելու հնարավորությունը: Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից այս մասին հայտարարվել է: Մենք հրապարակային քաղաքականության մեջ երբեք չենք բացառել անդամակցությունը ու միշտ ունեցել ենք այն հստակ համոզմունքը, որ հնարավորության դեպքում մենք կանդամագրվենք` հանգիստ լինելով տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական առումով»,- հավաստիացրեց նա` ավելացնելով, թե ՀՀ իշխանությունները շարունակում են աշխատել Ասոցացման համաձայնագրի վրա:

«Տեղի է ունենում գործըթնաց, որտեղ մենք եվրոպացի գործընկերների հետ փորձում ենք գտնել հետագա համագործակցության հնարավորությունները»:

Նա չբացառեց, որ Վիլնյուսում նոյեմբերին Հայաստանը Եվրոպայի հետ համագործակցության փաստաթուղթ կստորագրի: Արտակ Զաքարյանը նշեց, թե Մաքսային միությանը անդամագրելու հրավեր Հայաստանը ստացել է շատ ավելի ուշ, քան սկսել է բանակցել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ: Կոնկրետ ամսաթիվ պատգամավորը դժվարացավ հրապարակել, բայց ասաց, թե այս տարվա մայիսից ուշ է ստացվել հրավերը:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆլուլեի հայտարարությունը, թե վստահության և հավատի պակաս կա, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մեզ ոչ մեկն անվստահելի չի համարում: Գործընկերության ճանապարհը մեզ համար դեռ նոր է սկսվել և հավատի մասին խոսելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

Նա ընդգծեց նաև, թե Եվրոպայի շահերը հարավային Կովկասում չեն ավարտվել:

Տեսանյութեր

Լրահոս