Amnesty International-ը բոլոր երկրներին կոչ է արել Թուրքիային չվաճառել արցունքաբեր գազ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ բոլոր երկրներին կոչ է արել Թուրքիային չմատակարարել արցունքաբեր գազ, ոստիկանական զրահամեքենաներ և զանգվածային անկարգությունները կանխելու այլ միջոցներ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն երաշխավորել պահպանել բողոքի ակցիայի մասնակիցների՝ ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:
AI-ի այս կոչն արվել է վերջին օրերին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնց ընթացքում ոստիկանությունը հերթական անգամ ցուցարարների դեմ կիրառել է մեծ քանակությամբ արցունքաբեր գազ և ջրաշիթեր:
AI-ի՝ Թուրքիայի գծով հետազոտող Էնդրյու Գարդները բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել վճռական դիրքորոշում որդեգրել այդ հարցում, և Թուրքիային հարկադրել հարգել խաղաղ բողոքի ակցիաների ազատության իրավունքը և հրաժարվել կամայական ուժ կիրառելուց:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները շարունակ համալրում են ոստիկանության զինանոցը՝ էլեկտրոշոկով ջրցան մեքենաներ, արցունքաբեր փոշի, էլեկտրոշոկ-ատրճանակներ: Բացի այդ, Թուրքիայում մտադիր են տուգանել այն ոստիկաններին, որոնք ուշացումով կժամանեն դեպքի վայր կամ էլ ընդհանրապես չեն ժամանի այնտեղ: