Բաժիններ՝

Լուկաշինի ճանապարհները քարքարոտ են ու անանցանելի

«Մեր գյուղ գալիս մեքենայով կամ ոտքով մի՛ եկեք, ձիով կամ սայլով եկեք: Թե չէ՝ մեքենան կփչանա, ձեր կոշիկներն էլ կպոկվեն, կմաշվեն, չեն դիմանա էս ճամփեքին». լուկաշինցի տղամարդկանց այս դառը կատակն իրականում ճշմարտություն է:

Գյուղի ճանապարհներն անմխիթար վիճակում են: Սարսափելի են ոչ միայն Լուկաշինի միջհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհները, այլև գլխավոր մայրուղուց դեպի համայնքը տանող 3,5 կիլոմետրանոց ճանապարհը: Երբեմնի ասֆալտից այսօր գրեթե ոչինչ չի մնացել` «լադոկներ», քարքարոտ հատվածներ, փոսեր, որ գրեթե անանցանելի են դարձնում ճանապարհը:

«Մեքենաները ջարդուխուրդ են լինում, էդ երեք կիլոմետրը մի կերպ ենք անցնում, մեքենան չի դիմանում. ամիսը մեկ արհեստավորի մոտ ենք տանում: Առանց մեքենայի էլ չես կարող, գյուղացին առանց մեքենայի ոնց որ ոտաբոբիկ լինի. մթերք պետք է տանենք շուկա, դաշտ գնանք, հազար ու մի գործ ունենք անելու: Ասում են` համայնքները պետք է զարգանան, բայց որ ճանապարհ չկա, ջարդուխուրդ լինելով ենք գնում-գալիս, էլ ի՞նչ զարգացում»,- ասում է Սերգեյը:

Թեպետ Լուկաշինի ճանապարհների խնդիրն ընդգրկված է եղել համայնքի զարգացման 2009-2013 թթ. քառամյա ծրագրում, սակայն չորս տարվա ընթացքում դրական փոփոխություն շատ քիչ է կատարվել: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի ներկայացմամբ` հարթեցման որոշակի աշխատանքներ են կատարվել:

Կարդացեք նաև

«Կարելի է ասել, որ մի փողոց քիչ թե շատ նորմալ վիճակում է: Մնացածի առումով դեռ վաղ է խոսելը»,- ասում է նա` ավելացնելով, որ ցանկությունը մեծ է, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն բավականացնում:

3,5 կիլոմետրանոց ճանապարհն ասֆալտապատելու համար մի քանի տասնյակ անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան գյուղի բյուջեն է:

«Առայժմ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք գոնե առաջիկա չորս տարվա ընթացքում հարցը գոնե քիչ թե շատ կարգավորենք: Բայց դեռ սպասում ենք»,- ասաց նա: Համայնքի բյուջեի հաշվին նորոգելն անհնար է, իսկ գումար տրամադրողներ դեռ չկան:

lukashin

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս