Կիպրոսի երկնքում միջադեպ է գրանցվել բրիտանական ու թուրքական կործանիչների միջև
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների միջև երկուշաբթի միջադեպ է գրանցվել Կիպրոսի հյուսիսային տարածքներում, ինչը քիչ է մնացել հանգեցնի օդային մարտի: Այդ տեղեկատվությունը CyBC ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է Կիպրոսի պաշտպանության նախարար Ֆոտիս Ֆոտիուն:
Նշվում է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» տիպի երկու կործանիչ տագնապով օդ է բարձրացվել կղզու հարավում գտնվող Ակրոտիրիի բրիտանական ավիաբազայից, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռադարները կասկածելի շարժում են գրանցել կիպրական Ֆամագուստա քաղաքի օդային տիրույթում, որը 1974 թվակաից հետո գտնվում է թուրքական վերահսկողության ներքո:
Այդ «Թայֆուն»-ները մտել են այն 6 կործանիչների խմբի մեջ, որոնց Լոնդոնը նախորդ շաբաթ ուղարկել էր Ակրոտիրի՝ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական ակցիայի դեպքում իր բազայի պաշտպանության համար: Բրիտանական կործանիչները թռել են Թուրքիայի կողմից օկուպացրած Կիպրոսի հյուսիսային հատվածի վրայով, ուր ցայժմ տեղակայված է 30.000 թուրք զինծառայող ու ռազմական տեխնիկա:
Թուրքական կողմն իր հերթին երկու F-16 կործանիչ է ուղարկել բրիտանական ինքնաթիռների դեմ՝ պնդելով, որ դրանք խախտել են Թուրքիայի վերահսկած տարածքի օդային տիրույթը: Արդյունքում, «Թայֆուն»-ները բարեհաջող վերադարձել են իրենց բազա: