Փաստացի, բարբարոսական մտածողությունը ԱՄՆ–ում դարձել է իշխանության մաս. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ–ում պատրաստվում են ուղիղ եթերով ցուցադրել նախկին ռազմական հոգեբանի մահապատիժը, որին դատապարտել են 13 զինծառայողի սպանության համար։ Մահապատիժը ուղիղ եթերով ցուցադրելու մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հեգսեթը, ասելով, թե մարդիկ թող տեսնեն, որ այդպիսի հանցագործությունները ունենում են հետեւանք։
Անկեղծ ասած, ես դժվարանում եմ այդ երեւույթը՝ ուղիղ եթերում մահապատիժը բնութագրել այլ կերպ, քան բարբարոսություն։
Փաստացի, բարբարոսական մտածողությունը ԱՄՆ–ում դարձել է իշխանության մաս։ Ի դեպ, Հեգսեթը պատկանում է ԱՄՆ ներկայիս իշխանության համակարգում բավականին ազդեցիկ ներկայացվածություն ունեցող քրիստոնյա–սիոնիստների համայնքին, ինչի մասին հրապարակավ հայտարարել է հենց ինքը։ Ի դեպ, Սպիտակ տանն այդ համայնքի գլխավոր լոբբիստներից մեկը՝ Հավատքի գրասենյակի ղեկավար Պոլա Ուայթ–Քեյնը օրերս Երեւանում էր՝ այսպես կոչված Ազգային աղոթքի նախաճաշ միջոցառման առիթով, որը այլ բան չէ, քան ԱՄՆ–ում անցկացվող այդ ամենամյա միջոցառման հայաստանյան իշխանական պատճենը։
Վերադառնալով բարբարոսությանը։ Այս դրվագը հատկապես աղաղակող է այն ելույթի ֆոնին, որ Հունաստանում՝ Ակրոպոլիսի ավերակների ֆոնին ունեցել է ԱՄՆ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ պետքարտուղար Ռուբիոն։ Իսկ Ռուբիոն կաթոլիկ է եւ հայտարարել է Սուրբ Աթոռի հետ դավանաբանական լիակատար համախոհության մասին։ Ռուբիոն Ակպորոլիսի ավերակների ֆոնին ելույթ է ունեցել արեւմտյան քաղաքակրթության մեծության ու դրա հին հունական արմատների մասին։
Այդ իմաստով, խիստ հատկանշական է կոնտրաստը, որ արտհայտվում է միեւնույն վարչակազմի երկու ներկայացուցչների տեսքով»:

