Պոլիտեխնիկի ո՞ր ֆակուլտետներն են նախընտրել ուսանողներն այս տարի
Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում(Պոլիտեխնիկ) ամենաշատ ուսանողներ ընդունվել են Կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա մասնագիտությամբ, իսկ ամենաքիչ ուսանողներ՝ Քիմիատեխնոլոգիական և բնագիտական ճարտարագիտություն ֆակուլտետում, չնայած այդտեղ ևս մի քանի հոգով ավելի է ընդունվողների թիվը, քան անցյալ տարի: Այս մասին այսօր`սեպտեմբերի 2-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Նրա խոսքով` նախորդ տարի բուհում Հայաստանում քիմիատեխնոլոգիական արտադրող ընկերությունների երկու ցուցահանդես է տեղի ունեցել, ինչը իհարկե կարող է նպաստել այս ոլորտի համապատասխան մասնագիտությունների գծով դիմորդների թվի տարեցտարի ավելացմանը:
«Քիմիական ֆակուլտետ ընդունվել է մոտ 40 հոգի, իսկ ընդհանուր միասնական քննություններով անցած դիմորդների թիվը 1001 հոգի է, մոտ 100 առաջին կուրսեցիներ տարբեր արտասահմանյան ծրագրերով են ընդունվել և 50 հոգի քոլեջից բուհ անցման ծրագրով են ընդունվել»,- ասաց Ա. Ավետիսյանը` նշելով, որ Պոլիտեխնիկը առաքելություն ունի` տեխնիկական և տեխնոլոգիական ինժեներական կրթություն իրականացնելու համար, իսկ այդ առաքելությունը պետք է լինի կոնկրետ առարկայական ելքով: Այսինքն որքան արագ ներդրվի այդ հետազոտությունը տնտեսության մեջ, այնքան արագ մենք կստանանք այն արդյունքները, որն ակնկալում ենք զարգացող գիտատար տնտեսությունից, իսկ գիտատար տնտեսություն ասելով, ըստ Ա. Ավետիսյանի` պետք է հասկանանք տեխնիկա-տեխնոլոգիական բարձր սպասարկումով տնտեսությունը:
168.am-ի հարցին, թե ընդհանուր ընդունվողների քանի տոկոսն են կազմում տեխնոլոգիաների, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆակուլտետներ ընդունվողները, Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Մեր բոլոր մասնագիտությունները արդեն դարձել են կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բարձր տեխնոլոգիաների զարգացում ապահովող մասնագիտություններ. քիմիա-տեխնոլոգիականը, օրինակ,անցյալ դարի մեթոդներով կամ սինթեզներով չի զբաղվում, այն ժամանակակից պահանջներին համահունչ կրթություն է տալիս. հասնում է ընդհուպ նանոտեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, արդեն բիոինֆորմատիկայի խնդիրներ են այնտեղ լուծվում»,- ասաց Ա. Ավետիսյանը` նշելով, որ ժամանակի ամենազարգացած տեխնոլոգիաները կարող են միայն առաջ մղել տնտեսությունը:
Ինչ վերաբերում է այս տարի տարբեր բուհերում, այդ թվում և Պոլիտեխնիկում ուսման վարձավճարների բարձրացմանը և դրանից բխող տարբեր ակցիաների անցկացմանը, ՀՊՃՀ ռեկտորն ասաց, որ ինքը « պոլիտեխնիկցիների ոչ առաջին, և ոչ էլ բարձր կուրսեցիներից այժմ այդ ակցիաների որևէ բողոք չի լսել»: «Պոլիտեխնիկում վարձավճարների բարձրացումը կատարվել է շատ փոքր չափով` տեխնիկայի պահպանման, շահագործման ծախսերի ավելացման մասով, ամենաքիչը 26 600 դրամ, իսկ ամենաշատը`72 հազար դրամ տարեկան կտրվածքով, ըստ մասնագիտությունների»,- ասաց Ա. Ավետիսյանը` նշելով, որ այս տարի, երբ նշում են Պոլիտեխնիկի 80- ամյա հոբելյանը, իրենք սահմանել են ֆակուլտետային և համահամալսարանական անհատական կրթաթոշակներ՝ ընդհանուր առմամբ 16 անհատական կրթաթոշակներ, որոնք կտրվեն գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին: