«Ոստիկանը կանգնած էր Տիգրան Առաքելյանի վրա». վկա

Քրեական վերաքննիչ դատարանում վերսկսվել է ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի գործվ դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվում են պաշտպանական կողմի միջնորդուրդությամբ դատարան հրավիրված վկաները: Վկա Սահակ Մուրադյանը, պատասխանելով գործով ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին, ասաց, որ դեպքի օրը՝ 2011-ի օգոստոսի 9-ին, զբոսնել է Կարապի լճի տարածքում և աղմուկ լսել Խնկո Ապոր գրադարանի մոտից: Ապա քայլելով դեպի այնտեղ` տեսել է, որ մեծ քանակով ոստիկաններ են շտապում այնտեղ, և որ Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը ընկած են գետնին, ոստիկանները հարվածում, հայհոյում էին նրանց: Ըստ Սահակ Մուրադյանի՝ այնուհետև հրմշտոց է սկսվել, իր ձեռքերը ծալել են և նստեցրել ոստիկանության մեքենան: Մի քանի րոպե անց, ըստ վկայի, նույն ավտոմեքենան նստեցրել են նաև գործով ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանին, փակել դուռը. այդ ժամանակ Սահակ Մուրադյանը տեսել է, որ Դավիթ Քիրամիջյանի ճակատի մասում բաց վերք կար: «Հետո դուռը բացեց մի ոստիկան, նորից հարվածեց Դավիթի գլխին»,- պատմեց Սահակ Մուրադյանը: Նա ասաց, որ ոստիկանների կողմից բռնություն  է կիրառվել նաև իր նկատմամբ: Ոստիկանության բաժնում, ըստ Սահակ Մուրադյանի, շտապօգնության կողմից բերման ենթարկված բոլոր ակտիվիտների մոտ ուղեղի ցնցում է գրանցվել: Սահակ Մուրադյանն ասաց նաև, որ ոստիկանության բաժնում ևս եղել են բռնություններ իրենց նկատմամբ, խոչընդոտվել է իրենց պաշտպանի մասնակցությունը իրենց հետ կատրվող գործողություններին:

Գործով ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը վկա Սահակ Մուրադյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս տեղյա՞կ է, թե ինչ է կատարվել Խնկո Ապոր գրադարանի մոտ մինչ իրենց մոտենալը: Սահակ Մուրադյանը պատասխանեց, որ հետագայում Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը իրեն պատմել են, որ դեպքի օրը ոստիկաններն ապօրինի կերպով մոտեցել են քաղաքացիների, պահանջել են, որ նրանք դատարկեն իրենց գրպանները, ապա Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանն ասել են, որ իրենք կարող են ընթերականեր լինել, ապա ոստիկաններն ասել են, որ «սրանք լևոնականներ են», և սկսվել է հրմշտոցը: Սահակ Մուրադյանն ասաց նաև, որ իրենց ոչ մի կերպ չի բացատրվել՝ ինչու են իրեն բերման ենթարկում: Նա պատմեց, որ ինքը ոստիկանական մեքենայում փորձել է ճշտել՝ ոստիկանության ո՞ր բաժին են իրենց տեղափոխում, սակայն ոստիկանները պատասխանել են. «Ձենդ կտրի´, նստի´, թե չէ ավելի վատ կլինի»:

Ցուցմունքներ տալու ընթացքում Սահակ Մուրադյանը հաճախ էր օգտագործում հետևյալ արտահայտությունը՝ ոստիկանը կանգնած էր Տիգրան Առաքելյանի վրա: Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ է նշանակում ոստիկանը կանգնած էր Տիգրան Առաքելյանի վրա: Սահակ Մուրադյանը պատասխանեց, որ Տիգրան Առաքելյանը փորի վրա պառկած էր, իսկ ոստիկանը կանգնած էր նրա վրա, ինչպես կանգնում են գետնին:

Դատական նիստն այժմ ընդմիջվել է. վերսկսվելուց հետո կշարունակվի գործով վկաների հարցաքննությունը;

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս