Իրաքում երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 48 մարդ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում գրանցվել են ահաբեկչական մի շարք հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Մի շարք պայթյուններ են գրանցվել Բաղդադում ու նրա արվարձաններում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներում: Պայթուցիկ սարքերը տեղակայվել են շուկաներում ու մարդաշատ փողոցներում կանգնած ավտոմեքենաներում:
Բացի այդ, պայթյուններից մեկը գրանցվել է Բաղդադից հյուսիս-արևելք ընկած Բաակուբա քաղաքում շիական հարսանիքի ժամանակ: Նայնավա նահանգում զինյալները կրակ են բացել զինծառայողների փոխադրամիջոցի վրա՝ սպանելով 5 մարդու: Նույն նահանգում գրանցվել է հարձակման ևս երկու դեպք, ինչի հետևանքով զոհվել է 1 զինծառայող և 2 խաղաղ բնակիչ:
Վերջին ամիսներին Իրաքում կտրուկ բարձրացել է բռնությունների մակարդակը՝ հասնելով 2008 թվականից սկսած առավելագույնին: Այս տարի Իրաքում զոհվել է առնվազն 3600 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն հուլիսին Իրաքում զոհվել է ավելի քան 1000 մարդ, ևս 2300-ը վիրավորվել է: