Շինարարական հրապարակները լքված են ու դատարկ (լուսանկարներ)
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ՝ գյուղական համայնքներում:
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի և Գյումրիի Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով: Ցավոք, Գյումրիի շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել: Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, shirakcentre.org-ի տեղեկություններով՝ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: