Բաժիններ՝

15-ամյա պատանին օգնության կարիք ունի (տեսանյութ)

15-ամյա Հենրիկ Համբարձումյանը արդեն հինգ տարի է, օգնում է մորը և տատիկին՝ մաքրելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը: Վերջին տարիներին վաղ առավոտյան պատանին շտապել է ոչ թե դպրոց, այլ աշխատանքի ու մաքրել է նաև այն հիվանդանոցի տարածքը որտեղ գտնվում է այսօր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հենրիկը  Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է տեղափոխվել 2 ամիս առաջ, երբ պարզվել է, որ ստամոքսի խոցից բացի, լիմֆոբլաստային սուր լեյկոզ ունի:

«Առավոտյան 4-5-ին էի արթնանում, գնում էի աշխատանքի, 7-ին ավարտում էի», – պատմել է Հենրիկը:

Մայրը՝ Նարինեն փոխանցել է, որ Հենրիկը արդեն 3 տարի է, ինչ դպրոց կամ որեւէ կրթական կենտրոն չի հաճախում, փոխարենը իրեն է օգնում, քանի որ իր մայրը՝ Հենրիկի տատիկը վիրահատությունից հետո այլևս չի կարողանում աշխատել և օգնել ընտանիքին:

Արդեն սկսվել է բուժման երկրորդ փուլը: Որոշ դեղեր հիվանդանոցը տրամադրում է, մնացածը` բավականին թանկարժեք դեղեր, մայրն է գնում․ «Նշանակվում է դեղը, հետո մեզ տեղյակ են պահում, որ այս դեղը պետք է գնեք: Մեզ ասել են, որ բավականի թանկ է այս բուժումը: Գիտենք, իհարկե, որ բուժումը արտասահմանում ավելի արդյունավետ է, բայց հավաքարարի աշխատավարձով ես հնարավորություն չունեմ իրեն Գերմանիա տանելու, նույնիսկ դեղերը չեմ հասցնում գնել» ,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է մայրը:

Լիմֆոբլաստային սուր լեյկոզը արյան չարորակ հիվանդությունների շարքից է, սակայն ժամանակակից բուժական միջոցառումների շնորհիվ հնարավոր է բարելավել հիվանդների ընդհանուր վիճակը:

Ավելի մեծ բաների մասին, քան մեքենաներ վերանորոգող դառնալը, Հենրիկը դեռ չի երազում, ասաց, որ առայժմ չի որոշել: Մայրը, ի տարբերությունը, մեկ ցանկությունը ունի` որ որդին լիարժեք բուժում ստանա:

Ընտանիքին այժմ օգնում է Նարինեի ավագ որդին, ինքը մայրը՝ ևս շարունակում է աշխատել, որպեսզի ինչ-որ գումար վաստակի:

Հենրիկի մորաքույրը նշել է, որ տարբեր կառույցների են դիմել՝ աջակցության նպատակով, դիմել են նաև Առողջապահության նախարարություն, որտեղից նրանց պատասխանել են, թե «քանի որ բավականաչափ գումար չունեն արտերիր ուղարկելու համար, կարող են միայն ՌԴ ուղարկելու երկու տոմսի գումար տրամադրել»:

Հարցին, թե արդյոք որևէ աջակցություն ցուցաբերվո՞ւմ է սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքի երեխային, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանել է․  «Աժիոտաժը, որ նման դեպքերում լինում է, ինձ համար մի քիչ հասկանալի չէ, որովհետև տվյալ երեխան գտնվում է մեր անմիջական հսկողության տակ և այն դեղորայքը, որը բժիշկները նրան նշանակել են, մեր հիվանդանոցում կա: Այլ բան է, որ կա վերջին սերնդի ինչ-որ դեղորայք, որը ինչ-որ երկրում նշանակվում է: Մենք չենք կարող գնային առումով աշխարհի հետևից շարժվել»:

«Այստեղ ոչ ոք չի երաշխավորում, որ երեխան լիարժեք կապաքինվի: Մի քանի տեղ դիմել ենք, դեռ պատասխանի ենք սպասում: Գերմանական մի կլինիկայում, օրինակ, շատ լավ բուժում է իրականացվում», – նշել է Հենրիկի մորաքույր՝ Մարինե Համբարձումյանը:

Հենրիկին օգնելու նպատակով բացվել է հաշվեհամար Ինեկոբանկում  ՀՀ 2050057830501002 տատիկի՝ Վիկտորիա Համբարձումյանի անունով:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս