Բաժիններ՝

Սերգո Կարապետյանը Սյունիքում էր

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետարանում հանդիպեց համայնքների ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտին առնչվող հիմնարկների տնօրենների հետ:

Սակայն, խորհրդակցությունը տեղի է ունեցել առանց լրագրողների մասնակցության:  Մեր տեղեկություններով՝  գյուղնախարարն էր այդպես ցանկացել, որպեսզի հանդիպումը լինի ավելի գործնական, ազատ ու կառուցողական: Այնուամենայնիվ, խորհրդակցությունից հետո գյուղնախարարը լրագրողներին ասել է, որ գյուղապետերին մասնավորապես մտահոգում էր գյուղտեխնիկայի մաշվածության հարցը: Գյուղերում դեռևս օգտագործում են Խորհրդային միության տարիներից ժառանգություն մնացած գյուղտեխնիկան, որը վաղուց սպառել է պիտանելիության ժամկետը:

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ ներկրվել են տրակտորներ և գյուղգործիքներ, և առաջիկայում մենք պատրաստակամություն ենք հայտնել ներկրելու կոմբայններ, որովհետև մենք դաշտում տեսանք, որ աշխատող կոմբայնների կորուստները բավականին մեծ էին և ես համոզված եմ, որ առաջիկա 3-4 տարվա ընթացքում մենք հանրապետությունում ամբողջ պարկը կթարմացնենք: Շատ մատչելի գներով տրակտորներ և գյուղգործիքներ ենք ձեռքբերելու և երկարատև վճարման պայմաններով՝ 6 տարի վճարման ժամկետներով, իսկ կոմբայնների համար ավելի երկարատև ժամկետով, տրամադրելու ենք գյուղացիական տնտեսություններին՝ շեշտն առաջնահերթ դնելով բաձր լեռնային և սահմանամերձ համայնքների վրա: Բարձրացված խնդիրներից էր նաև սերմացուների մատակարարման հարցը և ես իրենց հավաստիացրի, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմերի տրման ծրագրերը շարունակական են լինելու», -ասաց Սերգո Կարապետյանը:

Սիսիանի տարածաշրջանի Նորավան համայնքում գյուղնախարարը  շրջել է ցորենի ցանքատարածություններում, ծանոթացել բերքահավաքի աշխատանքներին: Նախարարը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ եղել է նաև Կապանում վերջերս շահագործման հանձնված մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարանում, անասնապահական ֆերմայում, կաթի վերամշակման «Մարիլա» ընկերությունում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս