Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը քննարկում է ընտրական շեմը մինչև 7 տոկոսի նվազեցնելու հնարավորությունը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) քննարկում է քաղաքական ուժերի համար խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց շեմը նվազեցնելու հարցը:

Անկարայում կուլիսների հետևում քննարկվում է «ընտրական շեմը» մինչև 7 տոկոսի նվազեցնելու հարցը: Նշվում է, որ դա տեղի է ունենալու հաջորդ տարվա մարտին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո: Էրդողանի խոսքերով՝ տվյալ հարցը ներկայումս չի գտնվում իրենց օրակարգում:

Հիշեցնենք, որ ընտրական 10 տոկոսանոց շեմը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտներից մեկն է: ԵՄ-ը շարունակ քննադատում է Թուրքիային՝ քաղաքական կուսակցությունների կողմից խորհրդարան մուտք գործելու համար 10 տոկոսանոց ընտրական շեմ սահմանելու համար և շարունակ պահանջում է նվազեցնել այն, ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը ԵԽ-ի անդամ 47 երկրների թվում:

Թուրքիայում գործող 10 տոկոսանոց ընտրական շեմը լուրջ խոչընդոտ է հանդիսանում երկրի խորհրդարանում քրդական ներկայության ապահովման համար: 2002 թվականի նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններում քրդական «Դեմոկրատական ժողովուրդ» կուսակցությունը հավաքեց քվեների 6.21 տոկոսը (1.960.660 քվե), ինչը բնականաբար բավարար չեղավ խորհրդարան մուտք գործելու համար:

Սակայն արդեն հաջորդ՝ 2007 թվականի հուլիսի 22-ի խորհրդարանական վաղաժամ ընտրություններում քրդերը փոխեցին իրենց մարտավարությունը, և միացյալ կուսակցությամբ հանդես գալու փոխարեն, նրանք երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, հանդես եկան առանձին թեկնածուներով (մեծամասնական կարգով) և խորհրդարանում ստացան ավելի քան 20 տեղ, ինչը նույն եղանակով էլ ավելի զարգացրին 2011 թվականի հունիսի 22-ի խորհրդարանական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս